Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՊԱՀՊԱՆԻ ԻՐ ԿԱԶՄԸ

Սպորտ

Երեւանի «Փյունիկը», ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, այս տարի գրեթե պահպանեց իր հիմնական կազմը: Թիմում չէ փորձառու արգենտինացի պաշտպան Խոսե Անդրե Բիլոբիոն, որը նաեւ ազգային թիմի անդամ է:

Բիլիբիոն ներկայումս Արգենտինայում է եւ ընտանեկան խնդիրների պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստան: Այժմ նրա տրանսֆերը պատկանում է «Փյունիկին», եւ ֆուտբոլիստը այլ ակումբ չի կարողանա տեղափոխվել:

«Փյունիկում» չէ նաեւ Էդուարդ Պարցիկյանը, որը տեղափոխվել է ռուսական ցածր լիգաներից մեկը ներկայացնող «Ավտոդոր»:

17-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանի ծառայություններով լրջորեն հետարքրքրված էր անգլիական «Մանչեսթըր Սիթին» եւ հունվարի 19-ին հայ ֆուտբոլիստը մեկ շաբաթով պետք է մեկներ Անգլիա փորձաշրջան անցնելու, սակայն «Համագործակցության չեմպիոնների գավաթի» խաղարկության ժամանակ ստացած վնասվածքի պատճառով այս ուղեւորությունը ձախողվեց:

Հետագայում ակումբի ղեկավարները որոշեցին եւս մեկ տարով Մանուչարյանին պահել Հայաստանում: Սակայն եթե արտասահմանյան ակումբները շահավետ առաջարկություն անեն «Փյունիկին», ապա բացառված չէ, որ Մանուչարյանը հանդես գա մեկ այլ թիմում:

«Փյունիկի» դարպասապահ Էդել Ապուլա Բետեով շարունակում է հետքրքրվել Մարսելի «Օլիմպիկը», որի կազմում Բետե փորձաշրջան անցավ 2003թ. աշնանը, բայց երիտասարդ դարպասապահը մինչեւ 2004թ. ամռանը չի հեռանա թիմից:

«Փյունիկի» ավագ Արթուր Մկրտչյանը փորձաշրջան էր անցնում Կիեւի «Արսենալում», սակայն կրկին վերադարձել է Երեւան եւ իր ելույթները կշարունակի «Փյունիկում»:

Հայաստան է վերադարձել նաեւ «Փյունիկի» մալիացի հարձակվող Դիավարա Մամադուն, որը փորձաշրջան անցավ Դոնեցկի «Մետալուրգում»: