Միայն ճապոնական նավը չի մերժել հայերին (տեսանյութ)

Ծագող արեւի  երկիրը՝ Ճապոնիան եւ նրա ժողովրդի բարձր կուլտուրան հիացրել է հայագետ Արծվի Բախչինյանին, որը վերջին տարիներին զբաղվում է նաեւ հայ-ճապոնական պատմամշակութային հարաբերությունները թեմայի հետազոտմամբ:

Դեկտեմբեր ամսին նա առիթ է ունեցել լինել Ճապոնիայում: «Ճապոնիան դարեր շարունակ համարվել է փակ երկիր, սակայն հայերը կարողացել են որոշակի հարաբերություններ մշակել այդ երկրի հետ սկսած 18-րդ դարի վերջերից: Իհարկե, հիմնական կապերը սկիզբ են առել 1915թ. եղեռնից հետո. հարյուրավոր հայեր հայտնվել են Սիբիրում եւ Ճապոնիայով մեկնել են ԱՄՆ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արծվի Բախչինյանը:
1915թ. հայոց ցեղասպանությունից փրկված հայերին Ճապոնիայից ԱՄՆ հասնել օգնել է այդ երկրում ապրող մեծահարուստ մի հայուհի՝ Դիանա Աբգարը. «Նա հայերին օթեւան է տվել, վճարել նրանց ճանապարհածախսը»;

Դիանա Աբգարը ծնվել է Բիրմայում, Նոր Ջուղայի հարուստ գերդաստանի շառավիղ էր, որն ամուսնացել հարուստ հնդկահայի հետ. «Նրանք շրջելով Արեւելքի երկրներում՝ մշտական բնակության վայր են ընտրել Ճապոնիան եւ զբաղվել են առեւտրով: Նրա գերեզմանը գտնվում է Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի օտարերկրացիների համար նախատեսված գերեզմանատանը»:

Նա նաեւ կարեւորում է այն փաստը, երբ 1922թ. քեմալականները հրի մատնեցին Զմյուռնիան, ստիպելով նրա քրիստոնյա բնակիչներին՝ հայերին եւ հույներին, լքել քաղաքը, հայերը մոտենում էին Զմյուռնիայի նավահանգստի օտարերկրյա նավահանգստի նավերին եւ օգնություն խնդրում. «Բոլորը մերժել են նրանց եւ միայն մի ճապոնական նավ, ի դեմս նրա մարդասեր նավապետի, համաձայնվել է հայերին ապաստան տալ»:

Այսօր Ճապոնիայում մոտ 100 հայ է ապրում. «Փոքրիկ համայնքը հիմնականում ձեւավորվել է հայ աղջիկների շնորհիվ, որոնք ամուսնացել են ճապոնացիների հետ: Ես դեկտեմբերին, երբ Ճապոնիայում էի, հանդիպեցի այդ ընտանիքներից մի քանիսի հետ եւ պետք է ասեմ, որ հիացած եմ նրանցով»:

Ընդհանրապես Արծվիին հիացրել ու ցնցել է ճապոնացիների բարեկրթությունը. «Լինի ներսում, թե դրսում: Ճապոնիան բազմամիլիոն պետություն է, անընդհատ վազքի մեջ գտնվող հազարավոր քաղաքացիներ կան փողոցներում, բայց երբեք չես տեսնի ոչ մի կոպտություն, ոչ մի հրմշտոց, բարձր ձայն, միմյանց նեղացնել, գետնին գցված մի կտոր աղբ անգամ չես գտնի: Եթե մարդը, թեկուզ մի փոքր հարբուխ ունի, նա փողոց է դուրս գալիս դիմակով, դա մեծագույն հարգանք է դիմացինի նկատմամբ»:

Ինչ վերաբերում է մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին, ապա Բախչինյանը չի թաքցնում իր հիացմունքը, թե ինչպես են ճապոնացիները տանում իրենց վիշտը. «Նրանք շատ զուսպ են, արժանապատիվ են արձագանքում վշտին: Ես զրուցել եմ իմ ճապոնացի բարեկամների հետ, նրանց խիստ մտահոգում է, ատոմակայանի հնարավոր շողարձակումը, սակայն նրանք ապավինում են իրենց կառավարությանը»:

Անդրադառնալով մամուլում հրապարկված այն դեպքին, երբ ցունամիից հետո մի տարեց ճապոնացի գերադասել է ինքնասպան լինել, քան հեռանալ հարազատ գյուղից՝ Բախչինյանն ասաց. «Ընդհանրապես ճապոնացուն հատուկ է կորուստը, վիշտն արժանապատիվ տանելը, նույնիսկ այն ժպիտը դեմքին տանելու հատկությունը: Մենք գիտենք հարակիրիի մասին,որը ամենադաժան ձեւով ինքնասպան լինելու, կյանքին հրաժեշտ տալու ձեւն է»:

Իսկ վերջում հայագետն իր աջակցության խոսքն ուղղեց ճապոնացի ժողովրդին` ասելով. «Նրանք միշտ կարողացել են պատվով դուրս գալ ցանկացած ծանր վիճակից: Ես վստահ եմ, որ նրանք գտնեն ճիշտ եղանակը երկիրը հանելու այս վիճակից: Նրանց մաղթում եմ, որ ծագող արեւի երկրում միշտ արեւը վառ շողա: Մենք շատ բան ունենք սովորելու քաղաքակրթության գագաթնակետին հասած ժողովրդից»: