Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՔՆԱՐԺԵՔԸ ԿԻՋՆԻ, ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Տնտեսություն

«Այս տարվա ընթացքում ոռոգման ջրի ինքնաարժեքը կիջեցվի եւ եթե այսօր ոռոգման ջրի սակագինը 6 դրամ է, իսկ ինքնարժեքը 27 դրամ, ապա իջեցումից հետո ինքնարժեքը կլինի 12 դրամ, իսկ սակագինը կբարձրանա մինչեւ 8 դրամ: Այս թանկացումը մեր ժողովուրդը ճիշտ պետք է ընկալի` սա ընդամենը ինքնարժեքի իջեցում է», - այսօր ՀՀ կառավարությունում ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ լրագրոգների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը:

Պարոն Մարտիրոսյանի հավաստմամբ, մոտակա 2-3 տարիների ընթացքում կիջեցվի նաեւ խմելու ջրի ինքնարժեքը, որը բնականաբար կազդի ջրի սակագնի վրա, որը 56 դրամի փոխարեն կդառնա 120 դրամ:

Պարոն Մարտիրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ այս տարվա վերջը Երեւանի բնակչության 80 %-ը շուրջօրյա ջրամատակարարում կունենա. «Այս դեպքում մենք լավ կտնտեսվարենք՝ այսօր բնակչությունը օգտագործում է 250 լիտր ջուր, իսկ շուրջօրյա ջրամատակարարման դեպքում կօգտագործվի՝ 120 լիտր»:

Լրագրողների հետ ճեպազրույց անցկացրեցին նաեւ ՀՀ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը եւ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը:

Պարոն Այվազյանի խոսքերով, այսօր խիստ մտահոգիչ է օդային ավազանի ախտոտվածության հարցը. «Իհարկե 80-ական թվականներին արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքների պատճառով ախտոտվածությունը ավելի շատ էր, սակայն հիմա այս ամենի պատճառը՝ մարդատար մեքենաներն են»:

Պարոն Այվազյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօր կան չլուծված խնդիրներ Սեւանա լճում ձկների որսի հետ կապված: Ըստ նրա, ապօրինի կարգով տարեկան 700-800 տոննա ձուկ է որսվում, որը կանխելու նպատակով պետք է երկարացնել պետության կողմից սահմանված որսի ժամկետները:

Պարոն Լոքյանը իր ճեպազրույցում դրական արտահայտվեց «Հայանտառ տնտեսություն» կազկերպության միացմանը ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը, իսկ մեր հարցին, թե ինքը ի՞նչ կարծիքի է երեկ ՀՌԱԿ-ի ատենապետի այն հայտարարությանը, թե Հայաստանում Գյուղատնտեսության նախարարություն չպետք է լինի, նա պատասխանեց, որ ինքը լուրջ չի մոտենում այդպիսի հայտարարություններին եւ, եթե Գյուղատնտեսության նախարարությունը սալյարկա կամ հող չի բաժանում, ապա չի նշանակում, որ աշխատանքներ ընդհանրապես չի կատարում: