Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ Ա1+-Ի ՀԱՅՑԸ

Հասարակություն

Ի՞նչ հիմունքներով է 2003 թվականի մարտից հեռուստաեթերում աշխատում «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը:
Այս հարցի պատասխանը փորձում էր ստանալ «Ա1+» հեռուստաընկերությունը` ընդդեմ ՀՌԱՀ հայցով դիմելով ՀՀ Տնտեսական դատարան:

Հայցի հիմնական պահանջն էր անվավեր ճանաչել ՀՌԱՀ որոշումը 63-րդ դեցիմետրային կապուղու մրցույթի համար:

Հայցվորն իր պահանջը հիմնավորում էր նրանով, որ հեռուստահաճախականության համար մրցույթին մասնակցել է «Սինեմաքս» ընկերությունը, սակայն, մրցութային փաթեթում ներկայացվել են «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության տվյալները:

Էական խնդիրն այն է, որ մրցույթի պահից սկսած մինչ այսօր ՀՀ Արդարադատության նախարարությունում չկա «ԱրմՆյուզ» անվանումով գրանցված հեռուստաընկերություն:

Ավելին. չի եղել նաեւ գրանցման հայտ, հետեւաբար դա նշանակում է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություն Հայաստանում գոյություն չունի եւ հեռուստաեթերում աշխատում է չգրանցված կազմակերպություն:

ՀՌԱՀ ներկայացված «Սինեմաքս»-ի մրցութային փաթեթում 84-ից ավելի անգամ նշված է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություն» բառակապակցությունը:

Եւս մեկ հետաքրքիր փաստերից մեկը` մրցույթում առանցքային դեր ունեցած «Սինեմաքս»-ի ներկայացրած պայմանագիրն է «Արմնյուզ»-ի եւ «Եվրոնյուզ»-ի միջեւ:

Նախ, մրցութային առաջարկին կցված չէ վերոնշյալ պայմանագիրը, պարզապես կա գրություն համաձայն որի գոյություն ունի նման պայմանագիր, որն իր մեջ պարունակում է առեւտրային գաղտնիք, ուստի Հանձնաժողովին ներկայացվում միայն քաղվածք պայմանագրից:

Հայցվոր կողմի հետաքրքրությանը, թե արդյո՞ք Հանձնաժողովի անդամները գոնե տեսե՞լ են այդ պայմանագիրը, փոքր ինչ տատանումից հետո ՀՌԱՀ ներկայացուցիչը տվեց դրական պատասխան:

Հայցի կապակցությամբ դատավարությունն ընդհանուր առմամբ տեւեց 4 ժամից ավելի, որի ընթացքում դատավորին` ուսումնասիրության նպատակով ներկայացվեցին բազմաթիվ գրավոր փաստաթղթեր:

Ու չնայած աշխատանքի այդ ծավալին դատավոր Երվանդ Խունդկարյանին բավարարեց ընդամենը 10 րոպեն, որպեսզի` արդեն խորհրդակցական սենյակում ուսումնասիրվեն բոլոր փաստաթղթերն ու կայացվի համապատասխան վճիռ: Վերջինս, ինչպես եւ սպասվում էր, կայացվեց ի օգուտ ՀՌԱՀ-ի: