Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՏԵՐԱ»-Ի ԳԱԶԸ Չ՞Ի ՀԱՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Տնտեսություն

2004 թվականի հունվարի 1-ից սկսած ռուսական «Իտերա» ընկերությունը չի իրականացրել պայմանագրային իր պարտավորությունները Անդրկովկասյան երեք պետությունների առջեւ:

Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ ընկերությունը իրավունք չունի թուրքմենական գազի առաքումն իրականացնել Ուզբեքստանի տարածքով:
Այդ պետությունում գազի խողովակների շահագործման իրավումնքը տրված է «Գազպրոմ»-ին:

Ներկայումս առաջացած խնդրի կապակցությամբ բանակցություններ են ընթանում «Իտերա», «Գազէքսպորտ» ընկերությունների ղեկավարների միջեւ, որոնց ամենայն հավանականությամբ կմիանա նաեւ «Գազպրոմ» ընկերության ղեկավարը:

Թե ինչպես իրար մեջ կլուծեն խնդիրը գազի ոլորտում մենաշնորհ ունեցողներն առայժմ պարզ չէ:

Նշենք, որ «Իտերա» ընկերությունը պարտավորված էր Անդրկովկասյան երեք պետություններին միասին հատկացնել 3-3,5 մլրդ. խորանարդ մետր գազ:

Ստեղծված իրավիճակը բացասական մեծ ազդեցություն չի թողնի Հայաստանի վրա, քանի որ Հայաստանի տնտեսությունում «Իտերա»-ն ապահովում է միայն իրեն հասանելիք չափաքանակը եւ միակ ընկերությունը չէ, որ զբաղվում է գազի ներկրմամբ:

Իրավիճակն ավելի բարդ է հարեւան պետությունների համար. կնքված պայմանագրերի հիման վրա «Իտերա»-ն պետք է լիներ միակ ընկերությունը, որը գազով կապահովեր Վրաստանը, նաեւ պետք է ապահովեր Ադրբեջան մտնող գազի 50 տոկոսը: