Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՃԱՌԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Հասարակություն

Վերաքննիչ դատարանում այսօր սկսվեց «Հոկտեմբերի 27-ի» գործով դատական վիճաբանությանների փուլը։ Մեկ ժամվա ընթացքում պաշտպանական ճառերով հանդես եկան փաստաբան Կարո Աղաջանյանը, նրա պաշտպանյալ Էդիկ Գրիգորյանը, ամբաստանյալներ Աշոտ Կնյազյանը եւ Համլետ Ստեփանյանը։

Փաստաբան Կարո Աղաջանյանի ճառը շատ կարճ էր։ Ըստ նրա, Վերաքննիչ դատարանում հիմնավորվեց, որ 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովոի դահլիճում սպանություններ ծրագրված չէին եւ կատարվածը անակնկալ էր Էդիկ Գրիգորյանի համար։

Ըստ գործի նյութերի, Էդիկ Գրիգորյանը Ազգային Ժողովի դահլիճ պետք է բարձրացներ զինամթերքով լի ճամպրուկը՝ ըստ փաստաբանի, դահլիճում պատրանք եւ վախի մթնոլորտ առաջացնելու, կառավարության հրաժարականը պահանջելու համար։

Էդիկ Գրիգորյանը ճամպրուկը դահլիճ չի բարձրացրել, քանի որ փաստաբանի խոսքերով, կրակոցներ լսելով անակնկալի է եկել։

Կարո Աղաջանյանը դատարանից խնդրեց իր պաշտպանյալի նկատմամբ վճիռ կայացնելիս հաշվի առնել այն մեղմացուցիչ հանգամանքները, որ ամբաստանյալը ունի երկու անչափահաս երեխա, երբեք դատապարտված չի եղել, զղջացել է կատարվածի համար։

«Ոչ միայն չէի մասնակցի, այլեւ ամեն ինչ կանեի սպանությունները կանխելու համար», - դատարանում հայտարարեց ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը՝ ասելով, որ անկեղծորեն զղջում է հոկտեմբերի 27-ին կատարած իր գործողությունների, ապօրինի զենք ձեռք բերելու, կառավարության հրաժարական պահանջելու համար։

Ամբաստանյալներ Աշոտ Կնյազյանը եւ Համլետ Ստեփանյանը եւս դատարանից խնդրեցին հաշվի առնել իրենց «անմեղությունը ապացուցող փաստերը»։

Աշոտ Կնյազյանի համար այդպիսի ապացույց էր, օրինակ, իր անցյալը, այն, որ ինքը երբեք որեւէ կուսակցության անդամ չի եղել, քաղաքականությամբ չի զբաղվել։

Համլետ Ստեփանյանը վերստին կրկնեց, որ ինքը Նաիրի Հունանյանի խմբի անդամ չի եղել եւ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչել։

Դատավարությունը կշարունակվի 14։30-ին։