Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՊՐԵ՞ՆՔ «ԾՐԱԳՐԱՅԻՆ» ՔԱՂԱՔՈՒՄ

Հասարակություն

Առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի խոսքերով, եթե 2004թ. Լինսի հիմնադրամը շարունակի ֆինանսավորել, ապա կկառուցվեն Դավիթաշենի կամրջից դեպի Աշտարակի խճուղի եւ Արգավանդի խաչմերուկից՝ Շիրակի փողոց ճանապարհները, իսկ առհասարակ պետությունը այս տարի կֆինանսավորի Երեւանի գլխավոր հատակագծի, Արցախի փողոցի վթարային շենքերի ամրացման աշխատանքները եւ այլն:

Ըստ նրա՝ խնդիր է դրված քաղաքի զարգացման եւ քաղաքապետարանի քաղաքականութունը իրականացնել ծրագրային հիմքի վրա: Դրա հետ կապված առաջնային կարեւորություն է ստանում համայնքների ֆինանսական հոսքերի եւ ծախսերի ծրագրավորումը, որի հիման վրա ձեւավորված համայնքային բյուջեների նախագծերը վաղվանից արդեն իսկ քննարկվելու են եւ մինչեւ հունվարի վերջը կհաստատվեն:

Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանի գնահատմամբ, ֆիզիկական անձանց գույքահարկը եւ հողի հարկը՝ համայնքներին հանձնելը դրական ազդեցություն է ունեցել եւ հունվարից նրանց է տրվել նաեւ իրավաբանական անձանց գույքահարկը:

Կամո Արեյանը հայտնեց, որ արդեն իսկ պատրաստ է քաղաքի 2004-07թթ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները, որը կառավարության կողմից քննարկումից հետո պետք է իրավական ակտով ամրագրվի:

Ինչ վերաբերում է անօրինական շինություններին, ապա փոխքաղաքապետը նշեց, որ ներկայումս ստեղծված աշխատանքային խմբերի միջոցով փաստագրում է կատարվում եւ խնդիր է դրված դրանք իրավական դաշտ բերել: Միաժամանակ տարվում են նաեւ կանխարգելիչ աշխատանքներ: