Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ՄՐՑԱՆԱԿԻ

Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանն այսօր պետական մրցանակներ է հանձնել գրականության, երաժշտության, թատրոնի եւ կինոարվեստի, ինչպես նաեւ ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներին:

Մրցանակից զերծ է մնացել կերպարվեստի ոլորտը: Ներկայացված 11 գործերից որեւէ մեկը մրցանակի չարժանացնելու փաստը ոլորտի հանձնաժողովի նախագահ Սարո Սարուխանյանը պատճառաբանեց այսպես. «Ոչ թե արժանի գործ չկար... Դժվար բան է վերջին հաշվով»: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ մրցանակից զերծ մնաց գրականության ասպարեզը:

Մրցանակները հանձնելուց առաջ Քոչարյանը նկատել է, որ արվեստն իր սուբյեկտիվ կողմերն ունի եւ չի կարող լինել մի որոշում, որ բոլորին «ունթունելի» լինի:

Կինոարվեստի բնագավառի մրցանակակիր, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին անդամ Հարություն Խաչատրյանին երջանկացրել էր մրցանակը: «Գիտեք, միջազգային բավականին մրցանակներ ունեի, բայց սա ամենապատվավոր մրցանակն է, քանի որ իմ երկրի ամենակաեւոր մցանակն է»: Գրականության բնագավառի մրցանակակիր Արտեմ Հարույունյանն ուրախ էր, որ «վերջապես գրականությունն էլ մրցանակ ստացավ»: «Եվ ուրախ եմ, որ ստացավ իմ գիրքը», -ավելացրեց «Հուդայի արձակուրդը» գրքի հեղինակը:

Մրցանակակիրներից մյուսը` Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էր, որին մրցանակը շնորհվեց «Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագիծ» աշխատանքի համար:
Իր եւ եւս 6 ճարտարապետի հիշյալ աշխատանքի կարեւորությունը պարոն Սարգսյանը պարզաբանեց այսպես. «Սրա հիման վրա մարզերը կունենան իրենց հատակագծերը, քաղաքները կբխեցնեն իրենց բնակեցումը»:

Հիշեցնենք, որ մրցանակակիրներից յուրաքանչյուրը Ռոբերտ Քոչարյանից ստացավ 2 միլիոն 500 հազար դրամ: