Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻՆ ԴԵՌ ՊԵՏՔ ԷՐ»

Հասարակություն

Այսօր Տիգրան Նաղդալյանի սպանության քրեական գործով դատավարության ընթացքում իրենց պաշտպանական ճառերն ասացին ամբաստանյալների պաշտպաներն ու իրենք ամբաստանյալները: Այս պահին իր ճառն է ասում Արմեն Սարգսյանը, իսկ նրա պաշտպան Ամալյա Ավագյանը ներկայացնելով այն փաստերը, որոնք չստուգվեցին ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչում, հայտարարեց, որ մեղքը հիմնավորված չէ եւ դատարանին միջնորդեց արդարացնել Արմեն Սարգսյանին եւ դատարանի դահլիճից ազատ արձակել:

Նա հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը անդրադառնալով դրդապատճառներին, բազմիցս պնդել է, որ ինքը պատճառ չուներ պատվիրելու Տիգրան Նաղդալյանի սպանությունը, այն էլ դեռեւս չհարցաքննված հոկտեմբերի 27-ի գործով:
«Սարգսյանները սպասելիքներ ունեին Նաղդալյանից»,- ասաց Ամալյա Ավագյանը:

Բավականին հատկանշական էր հանցագործ խմբի եւ պատվիրատուի միջեւ որպես միջնորդ գործած Գեղամ Շահբազյանի պաշտպանի ճառը, որը հայտարարեց, որ իր պաշտպանյալին առաջին ատյանի դատարանը դատապարտել է 12 տարի ազատազրկման, իսկ կազմակերպչին՝ Հովհաննես Հարությունյանին /Ապերին/՝ 7 տարի ազատազրկման:

Նա իր ասածը հիմնավորեց նրանով, որ Գեղամ Շահբազյանը իմացել եւ խմբի անդամներին որպես պատվիրատու ներկայացրել է հենց Հովհաննես Հարությունյանին:

Ֆելիքս Առուստամյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց դատարանի դահլիճից ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ նա ոչ միայն չի օժանդակել, այլեւ երեք անգամ էլ հրաժարվել է կատարել սպանությունը:

Մեղադրող կողմը իր ճառում հայտարարեց, որ ներկայացված մեղադրանքը հիմնավորված է ու պաշտպանական կողմի բոլոր պատճառաբանությունները անհիմն են:

Նկատենք, որ վերաքննիչ դատարանում բոլոր ամբաստանյալները հայտարարեցին, որ կազմակերպիչը ոչ թե Արմեն Սարգսյանն է, այլ Հովհաննես Հարությունյանը, սակայն դատարանն այդպես էլ չհրավիրեց 7 տարվա ազատազրկման դատապարտված եւ վերաքննիչ բողոք չներկայացրած Հովհաննես Հարությունյանին՝ Ապերին:

Մեղադրողները պահանջեցին բոլոր մեղադրյալների պատժաչափը թողնել նույնը, սակայն Գրիգոր Պետրոսյանին առաջին ատյանի դատարանի տված 7 տարի ազատազրկման չափը նվազեցնել մինչեւ 5 տարի: