Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՈՒԺՈՂԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՌԸ

Հասարակություն

Քաղաքական ճառով ներկայացավ Տիգրան Նաղդալյանի քույրը՝ տուժող Կարինե Նաղդալյանը: Նա նախ որակումներ տվեց հայրենիքի պաշտպանական մարտերին մասնակցածների, հայտարարելով, որ նրանց հիմնական մասը նպատակ է ունեցել պաշտոններ զբաղեցնել կամ հարստանալ, զենք ձեռք բերել եւ հետագայում նման հանցագործություններ անել:

Այս միտքը խիստ վրդովեցրեց Ղարաբաղի պաշտպանության մարտերին մասնակցած տղաներին, Սարգսյանի մարտական ընկերներին, որոնք աղմուկ արեցին դատարանում եւ բացականչեցին. «էդքան լավ գործ էր, թող ախպերդ էլ գնար, կռվեր»:

Տուժողը ճառում հայտարարեց, որ Տիգրանի սպանությունը հոկտեմբերի 27-ի շարունակությունն էր եւ նպատակ ուներ կազմալուծել պետության գործունեությունը, խոչընդոտել երկրի զարգացմանը:

Նա նկատեց, որ իր եղբոր սպանությունը ԱԺ նախագահի, կամ վարչապետի սպանություն չէր: «Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ այդպիսի պաշտոնների կարող են հասնել ովքեր ասես, բայց տաղանդավոր մարդ չեն դառնում, այլ ծնվում են: Տիգրան Նաղդալյանը անփոխարինելի էր»:

Այս խոսքերը եւս դահլիճում որոշակի վրդովմունք առաջացրին: Բնականաբար, Կարինե Նաղդալյանը հայտարարեց, որ շատ քիչ է առաջին ատյանի վճռով հանցագործներին տրված պատժաչափը: Դատավարությունը շարունակվում է: