Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՋՐՊԵՏԸ ՎԵՐԱՑՆԵԼ

Հասարակություն

«Երիտասարդների եւ հոգեւոր դասի միջեւ անիմաստ անջրպետ է առաջացել»,- Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ դժգոհեց Գեւորգ սարկավագ Ղուշչյանը:

Նա զարմանում է, որ երիտասարդները կաշկանդվում են հոգեւորականին մոտենալիս եւ չեն կարողանում ձեւակերպել իրենց մտքերը: «Անցյալից մնացած ստերոտիպ է»,- պատճառաբանում է Գեւորգ սարկավագը` միաժամանակ էլ չժխտելով, որ պատճառներից մեկն էլ հոգեւորականի պահվածքն է եւ սեւ սքեմը:

Առկա անջրպետը վերացնելու համար Արարատյան հայրապետական թեմը ստեղծել է էլեկտրոնային հասցե` [email protected], որով երիտասարդները կարող են ուղարկել իրենց հետաքրքրող հարցերը եւ ստանալ պատասխանները:

Ըստ թեմի մամուլի դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանի, մեկ ամսվա ընթացքում երիտասարդները մոտ 100 հարց են ուղղել հոգեւորականներին: Դրանց մեծ մասը վերաբերում են անձնական խնդիրներին:

Հայ երիտասարդներին նաեւ հետաքրքրել է հոգեւոր հայրերի վերաբերմունքը արտամուսնական կապերին, հայ ընտանիքում կնոջ եւ ամուսնու փոխհարաբերություններին, աղանդներին եւ այլն:

Գեւորգ սարկավագը տեղեկացրեց, որ որոշ դեպքերում իրենք երիտասարդներին հրավիրել են հանդիպման, նույնիսկ առաջարկել խոստովանել: Արարատյան հայարապետական թեմի այս նախաձեռնության նպատակը նաեւ խոստովանահոր ինստիտուտի վերականգնումն է: