Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՆՅԱԶՅԱՆԸ «ՑՄԱՀ» ՉԻ ՈՒԶՈՒՄ

Հասարակություն

«Հոկտեմբերի 27-ի» գործով ամբաստանյալ Աշոտ Կնյազյանն այսօր Վերաքննիչ դատարանում հայտարարեց, որ մինչեւ 2000թ փետրվարը իր բոլոր ցուցմունքները կորզվել են պարտադրանքի տակ:

Նրան լրացրեց պաշտպան Մարուսյա Չիլինգարյանը`հիշելով դեպք, երբ իր ներկայությամբ քննիչներից մեկը Կնյազյանին սպառնացել է. «Ոտքի տակ կգցեմ»:

Մարուսյա Չիլինգարյանը չնշեց քննիչի անունը, ինչն էլ զայրացրեց մեղադրող Արմեն Հարությունյանին` ինչու՞ փաստաբանը որեւէ տեղ այդ հարցով չի դիմել:

Փաստաբան Չիլինգարյանը ուներ յուրահատուկ բացատրություն. «Մատերիալ գրելը իմ բնավորությունը չէ»:

Ի դեպ, ենթադրվում է, որ Վերաքննիչ դատարանը կբավարարի ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանի բողոքը` նրան դատապարտելով 15 տարվա ազատազրկման, այսինքն ճիշտ այնքան, ինչքան պահանջում էին մեղադրողները:

Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27-ի» գործով դատավոր Սամվել Ուզունյանը ամբաստանյալ Աշոտ Կնյազյանին դատապարտել է ավելի խիստ պատժի, քան պահանջում էին դատախազները:

«Հոկտեմբերի 27-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները պահանջում էին բոլորին` գործով յոթ ամբաստանյալներին դատապարտել մահապատժի: