Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐԱՀՍԿԻՉԸ ՎԵՐԱՀՍԿԵՑ

Տնտեսություն

Այսօր ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստը քննարկեց եւ հաստատեց ՎՊ արտասահմանյան փոխառությունների եւ վարկերի վերահսկողության բաժնի հաշվետվությունը «Լինսի» հիմնադրամի եւ «Ձեռնարկությունների զարգացում» վարկային ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման մասին:

Միջազգային զարգացման ընկերակցությունը 97-ի հունվարի 13-ի պայմանագրով ՀՀ կառավարության «Ձեռնարկությունների զարգացում» ծրագրով տրամադրել է 13,2 մլն դոլարի վարկ` ՀՀ ձեռնարկություններին եւ կազմակերպություններին ենթավարկեր տրամադրելու համար: Նույն նպատակով «Լինսի» հիմնադրամը 98-ի հուլիսի 15-ի պայմանագրով ՀՀ կառավարությանը տրամադրել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ:

ՀՀ ԱԺ ՎՊ վերահսկողության արդյունքում արձանագրվել են իրավական ակտերի խախտումներ եւ ծրագրերի իրականացման ընթացքում տեղ գտած թերություններ, վարկային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման փաստեր:

Ըստ ԱԺ ՎՊ տեղեկատվական ծառայության հաղորդագրության, տրամադրված վարկերի զգալի մասը հետ չի վերադարձվել, «Ձեռնարկությունների զարգացում» ծրագրի ավարտին` մոտ 5 մլն դոլար, «Լինսի» հիմնադրամի ծրագրով` մոտ 2 մլրդ դրամ:

Ծրագրերում մասնակից բանկերի 50 տոկոսը գտնվում է լուծարային կամ անվճարունակության գործընթացում, 2003-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկու վարկային ծրագրերով վարկ ստացած ձեռնարկություններից 8-ը սնանկ են ճանաչվել, եւս 8-ի նկատմամբ բռնագանձման վճիռ է կայացվել հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով, 4-ը աշխատում են վնասով, իսկ 37-ի նկատմամբ առեւտրային բանկերի կողմից ներկայացվել են դատական հայցեր: