Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տերերը պաշտոնյաներ են (տեսանյութ)

Տնտեսություն
f711349fa6ad91d7ba934b3877741139

«Հայաստանն ամբողջությամբ վերքերի մեջ է»,- կարծում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը:

Նա դա բացատրում է նրանով, որ շահագործված հանքավայրերը հետո չեն բերվում նախկին տեսքի: Իսկ ամեն բացված հանքավայր մի վերք է:

Կենտրոնը, Սեւծովյան համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, մեկ տարվա ընթացքում հետազոտություններ է կատարել այս ոլորտում եւ հայտնաբերել բազմաթիվ թերություններ:

Պաշտոնական աղբյուրներից կենտրոնը փորձել է ստանալ տվյալներ մետաղական հանքավայրերի վերաբերյալ` սկսած նրանց հիմնադիրների կազմից, վերջացրած նրանց իրականացրած բնապահպանական-սոցիալական ծրագրերով եւ վճարումներով: 27 ընկերություններից կենտրոնը տվյալներ է խնդրել, սակայն նրանցից միայն երեքն են պատասխանել:

Ուսումնասիրությունը, ըստ Սոնա Այվազյանի, բացահայտել է նաեւ հետաքրքիր խնդիրներ: «Այն փաստաթղթերը, որոնք որ պահվում են պետական կառույցներում, դրանք բավականին անփույթ ձեւով են եւ բացակայում են օրինակ ինչ- որ թղթեր, հավելվածներ, որտեղ ամրագրված են ընդերքօգտագործման պայմանները»,- ասում է Սոնա Այվազյանը եւ ավելացնում, որ այդ փաստաթղթերում բացակայել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականները, որը հենց պետք է հիմք ծառայեր համապատասխան թույլտվություն տալու կամ չտալու համար:

Փաստաթղթերում առկա են եղել տվյալներ, որոնք բացեիբաց ցույց են տվել, որ հանքարդյունաբերության բիզնեսում ներգրաված է այս կամ այն պաշտոնյան:
«Հանքասարի հանքավայրի հիմնադիրներից մեկը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է: «Հրազդան» երկաթի հանքավայրի հիմնադիրների կազմում են Տիգրան Արզաքանցյանը եւ պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի որդին»,- ասում է Սոնա Այվազյանը:

Ծրագիրը շարունակական է լինելու եւ Սոնա Այվազյանը հույս ունի, որ երբեւէ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն կլինի: