ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ ԿՈՂՄ ԵՂԱՆ
Աջակցիր «Ա1+»-ին2004 թվականի պետբյուջեն չի զրկվի 8 միլիարդ դրամից, որի հավաքագրումը կախված է հարկային բեռի ավելացումից:
Մի քանի օր է ինչ պատգամավորների գործարար հատվածը դժգոհություններ է արտահայտում «հարկային փաթեթի» փոփոխությունների հետ կապված: Դժգոհություններն այն աստիճանի էին, որ այդ պատգամավորների քվեարկությունն անկանխատեսելի էր:
Տեսնելով պատգամավորների մարտական տրամադրվածությունը փաթեթում ընդգրկված որոշ օրենքենրի նկատմամբ, ԱԺ-ում մտադրություն կար հարկային փոփոխություններն անցկացնել «փաթեթով», որպեսզի կոնկրետ մի քանի օրենքի ընդունումը հարցականի տակ չդրվի:
Այդ մտադրությունը, սակայն, կխախտեր «ԱԺ կանոնակարգը», ուստի պատգամավորների միջեւ բանակցությունների արդյունքում որոշվեց. հարկային օրենքների փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը կկազմակերպվի առանձին-առանձին` յուրաքանչյուր հարկային օրենքի համար:
«Հարկային փաթեթի» քննարկումների ժամանակ պատգամավորների մոտ հիմնականում երկու օրենքի նախագիծ առաջացրեց մտահոգություն. «Շահութահարկի մասին» օրենքը, որով նախատեսվում է հարկի որոշակի շեմ դնել վնասով եւ շահույթով աշխատող ձեռնարկությունների վրա:
Դժգոհություն առաջացրած մյուս օրենքը «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքն է, ըստ որի մեկ տարվա ընթացքում համապատասխան մարմինները կարող են ձեռնարկությունում ստուգումներ անցկացնել մեկից ավելի անգամ: Դժգոհություններից հետո վերջին օրենքում հիմնական զեկուցողը հանել է այդ կետը, որպեսզի պատգամավորների համար օրենքն ընդունելի դառնա:
Հակառակ վերջին օրերին հնչած բոլոր դժգոհություններին, պատգամավորներն, այնուամենայնիվ, ընդունեցին կառավարության առաջարկած բոլոր հարկային փոփոխությունները, որոնք ամեն դեպքում կավելացնեն հարկային բեռը: