Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրում հայերեն են խոսում

Քաղաքականություն
2cde328616ac1b12cca59a1232cf4d2b

ՌԴ Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքում ավելի շատ հնարավոր է լսել հայերեն, քան ռուսերեն: Քաղաքի հիմնադիրները հայերն են: Այս մասին գիտի Արմավիր քաղաքի յուրաքանչյուր` թե հայ, թե ռուս բնակիչ:

Արմավիրի պատմության թանգարանում այս մասին կան բազմաթիվ վկայություններ եւ արխիվային փաստաթղթեր:

Արմավիրը ստեղծվել է 1839թ.-ին` Չերքեզիայից եկած լեռնեցի հայերի կողմից: Քաղաքն իր անվանումը ստացել է 1848թ.-ին` ի հիշատակ հայկական թագավորության հին մայրաքաղաք Արմավիրի, որի բնիկ հայերն էլ եղել են Արմավիրի հիմնադիրները:

Արմավիր քաղաքի առաջին բնակիչ հայերը եղել են նշանավոր հարուստ ընտանիքներ, առեւտրականներ: Այժմ Արմավիրում ապրում է 50 հազարից ավելի հայեր:

«Ավելի շատ ցուցանմուշներ ունենք, որոնք, ցավոք, շենքային վատ պայմանների պատճառով չենք կարողանում ցուցադրել: Թանգարանը սկսել է գործել Հայրենական մեծ պատերազմից հետո, ու այս շենքը ժամանակավոր էր մեզ տրվել. մինչ օրս դեռ այստեղ ենք, թեեւ ամեն տարի լինում են նոր շենքի խոստումներ»,- ասաց Արմավիրի պատմության թանգարանի աշխատակից տիկին Օլգան:

Թանգարանի հենց առաջին ցուցափեղկում հայ կաթողիկոսների եւ Արմավիրի հայ ականավոր գործիչների լուսանկարներն են, ինչպես նաեւ` ներկայացված են հայատառ բազմաթիվ գրություններ:

Իսկ Արմավիր քաղաքի ամենահայտնի կոթողը համարվում է հայկական եկեղեցին, որը հիմնադրվել է 1839թ.-ին: Այն սկզբում եղել է փայտաշեն, որի հետեւանքով 2 տարի անց այրվել է: Այժմ եկեղեցու սարկավագ Հրայրի ասելով` եկեղեցին պարբերաբար վերանորոգվում է հայ բարերարների օժանդակությամբ:

Սակայն նա դժգոհ է հայերի` եկեղեցի հաճախելիությունից. «Եթե համեմատենք` որքան հայ կա Արմավիրում, երեւի նրանց 5 տոկոսն էլ չի գալիս եկեղեցի պատարագ լսելու»:

Եկեղեցու բակում Արմավիրի հայկական եկեղեցու հոգեւոր այրերի շիրիմներն են, որոնց թվում` Կարապետ վարդապետի շիրմաքարն է, որը բերվել է Չերքեզիայից:

Ի դեպ, հավատացյալ հայերը եկեղեցում մոմավառություն են անում ռուսական սրբապատկերների առջեւ. միայն Մեսրոպ Մաշտոցի նկարն է եկեղեցում հայկական: Այս մասին որեւէ մեկնաբանություն չկարողացանք ստանալ: