Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅԱԳՐՈԲԱՆԿԸ» ՄԻԱՁՈՒԼՎԵՑ

Տնտեսություն

«Հայագրոբանկը» չի լուծարվի, այլ մասնակիորեն նրա ակտիվները ձեռք կբերի եւ պարտավորությունները կկատարարի «Արդշինինվեստբանկը»: Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում երկու բանկերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ կնքվել է այն գործարքը, որի մասին արդեն մի քանի օր է գրում է մամուլը: «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել», - հայտարարեց «Հայագրոբանկի» գործադիր տնօրեն Զորայր Ավետիքյանը: Ըստ նրա, միջնազգային պրակտիկայում ընդունված է բանկերի միավորումը. «ԱՄՆ-ում էլ է հիմա այդպիսի միաձուլումներ լինում»:

Պարոն Ավետիքյանը վստահեցնում է, որ բանկերի խորհուրդներիի անդամներն ինքնուրույն են որոշել միավորվել, եւ քաղաքական որեւէ պատվեր չի եղել:

Հետաքրքիր է, «Ագրոբանկը» ճանաչվել է սնանկ, սակայն վճարել է իր ավանդատուներից 80 տոկոսի գումարները: «776 ավանդատուից ոչ մեկն առանց գումարի չի հեռանա»,- վստահեցնում է գործադիր տնօրենը՝ թերեւս ցանկանալով հաստատել բանկի բաժնետերերի խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությունը, թե իբր ինքը բանկային գործունեությունից հրաժարվում է ինքնակամ՝ քաղաքականությամբ զբաղվելու համար:

Միավորվող բանկերի ներկայացուցիչները հրաժարվեցին ասել, թե «Հայագրոբանկի» ակտիվներից ու պարտականություններից ինչքանն է անցնում «Արդշինինվեստբանկին»: «Առեւտրային գաղտնիք է», - ասաց «Արդշինինվեստբանկի» բաժնետերերի խորհրդի նախագահ Արամ Անդրեասյանը:

Ըստ նոյեմբերի 6-ին կնքված պայմանագրի, «Ագրոբանկի» սեփականությունը մասնակիորեն է տնօրինվելու «Արդշինինվեստբանկի» կողմից: Մնացած մասի ճակատագիրը պարզ կդառնա 45 օրվա ընթացքում: Արամ Անդրեասյանը ուներ թվեր չհրապարակելու մեկ այլ պատճառաբանություն. «Ինչպես չի կարելի գետը կանգնեցնել, այնպես էլ գումարների մասին խոսել. բանկային գործը անընդհատ է եւ շարունակական»:

«Արդշինինվեստբանկի» նախագահը խոստումեր էր տալիս «Հայագրոբանկի» աշխատակիցներին. «Բանկի 36 մասնաճյուղերում որեւէ աշխատատեղ չի կրճատվի»: Ըստ պարոն Անդրեասյանի, դեռ ավելին. «Նրանք կունենան կայուն վաստակի աղբյուր»: Նա հայտարարեց, որ «Արդշինինվեստբանկի» հիմնադիրները ստանձնել են Հայաստանի բանկային համակարգի առողջացման խնդիր ու ավելորդ չհամարարեց կրկնելու.«Ագրոբանկի» որեւէ ավանդատու, որեւէ իրավաբանական անձ, որեւէ հաճախորդ ոչ մի ցենտ, ոչ մի լումա չի կորցնի»: