Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Տնտեսություն

«Ինձ զանգում են, ասում են մի հատ ջրամբար տուր` ձուկ աճացնեմ: Մեր հանձնաժողովի անվանումը մարդկանց թյուրիմացության մեջ է գցել, այն պետք է փոխել»,- հայտարարեց ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ, նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը:

110 օր նոր պաշտոնում աշխատելուց հետո, պարոն Նազարյանը եզրակացրել է, որ չնայած հանձնաժողովի անվանումը մարդկանց թյուրիմացության մեջ է գցում, սակայն այն շատ լուրջ կառույց է:

Հենց այս լուրջ կառույցից է կախված գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը: Պարոն Նազարյանի ասելով, առաժմ հանձնաժողովը սակագների փոփոխության վերաբերյալ հայտ է ստացել «ՀյաՌուսգազարդ» ՓԲԸ-ից: Հանձնաժողովը հայտը վարույթ է ընդունել եւ 3 ամսվա ընթացքում պետք է պատասխան տա:
Սակագների փոփոխման ժամկետի հետ կապված պարոն Նազարյանը չշտապեց թիվ նշել եւ կանխատեսեց՝ «Ֆիֆթի-ֆիֆթի»:

Առանց մանրամասնելու «Հայռուսգազարդի» հայտի բովանդակությունը, պարոն Նազարյանը նշեց, որ սակագների բարձրացման մի քանի գործոն է նշված: Գործոններից մեկը ներկրվող գազի ծավալի նվազումն է:
Պարոն Նազարյանը գտնում է, որ 1997թ.-ին սահմանված գազի սակագինը իրեն այլեւս չի արդարացնում:

Երկրորդ խնդիրը վերաբերում է ներկրվող գազի ծավալին: «1997թ-ին այդ սակագինը 53 դոլար էր: Այսօր մենք ունենք պայմանագիր 100 խորոնարդ մետր 54 եւ 55 դոլարով: Այստեղ գազի ծավալի հետ կապված թանկացումներ ենթադրվում են»,- մի փոքր դժվարությամբ խոստովանեց Ռոբերտ Նազարյանը:

Գազի սակագների բարձրացման վերջնական թիվը, Ռոբերտ Նազարյանը խոստացավ հայտնել նոյեմբերի վերջին:

Ինչ վերաբերում է ջրի սակագների բարձրացմանը, ապա պարոն Նազարյանը գերադասեց ժամանակից առաջ չընկնել՝ բացատրելով, որ համապատասխան հայտ չի ստացել: