Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ

Մարզեր

Շամլուղի ստորգետնյա հանքավայրերում աշխատող բանվորները գործադուլ են հայտարարել, պահանջելով վճարել իրենց 8 ամսվա աշխատավարձի պարտքը: Սակայն հանքավայրերը շահագործող «Մեթըլ Փրինս» ընկերությունն անհիմն է համարում գործադուլը, պնդելով, որ ընկերության սեփականաշնորհումից հետո արդեն մոտ մեկ տարի է աշխատավարձերը վճարվում են ժամանակին: Իսկ պարտքերը կուտակվել են «մինչ սեփականաշնորհումը վարած արտադրական ոչ նորմալ քաղաքականության պատճառով»:

Ախթալայի ԼՀԿ արտադրության գծով տնօրեն Լեւոն Վարդանյանը խոստացավ, որ կուտակված պարտքերն էլ կվճարվեն շահույթից, որը դեռ չեն ստացել: Սկսել են շահագործել բաց հանքավայր, որտեղ հանքաքարի մեջ պղնձի պարունակությունն ավելի բարձր է, ու արտադրական շահույթներ ստանալու հավանականությունն ավելի մեծ։
Ըստ Լեւոն Վարդանյանի, արդյունքը կերեվա արդեն 2 ամսից։

Լեռնահարստացման կոմբինատն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ, ասաց Լեւոն Վարդանյանը, եւ բանվորները ամսվա կեսը անց են կացնում հարկադիր պարապուրդում։ Ընկերության ղեկավարությունը հավաստիացնում է, որ նոր հանքավայրի շահագործումից հետո կոմբինատը կաշխատի լրիվ ծանրաբեռնվածությամբ։
Ամսական 2000 տոննայի փոխարեն կմշակվի 6 անգամ ավելի հանքաքար։

«Մեթըլ Փրինս» ընկերության այս խոստումներն, այնուամենայնիվ, հավատ չեն ներշնչում բանվորներին, եւ ստորգետնյա հանքավայրերում շարունակվում է լռությունը։ Գործադուլավորները հաստատակամ են իրենց որոշման մեջ։ Պահանջում են վճարել ե՛ւ պետական ձեռնարկության օրոք, ե՛ւ վերջին ամիսներին կուտակված բոլոր պարտքերը։

Ստորգետնյա հանքավայրի 30 բանվոր դիմում են հղել թիվ 40 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր Համլետ Թամազյանին՝ հարցը ԱԺ-ում բարձրացնելու խնդրանքով։