Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է

Տնտեսություն

«Այսօր Հայաստանում աղքատության մակարդակը գերազանցում է 45 տոկոսը, դեռ շատ ընտանիքներ գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: Մեր կողմից մշակված Աղքատության հաղթահարման ծրագիրը պետք է պայքարի այդ բացական երեւույթի դեմ»,- ասաց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

ՀՀ կառավարությունը հաստատեց Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը: Պարոն Մարգարյանի խոսքերով, այդ ծրագրով նախատեսված է մինչեւ 2006 թվականը բարձրացնել թոշակառուների կենսաթոշակները, ուսուցիչների աշխատավարձերը,մեծ ուշադրություն կդարձվի ընտանեկան նպաստներին:

«Այսօր շատ չլուծված խնդիրներ կան առողջապահության բնագավառում, շատ ընտանիքներ վախենում են բժշկի դիմել՝ ֆինանսներ չունենալու պատճառով, այս ծրագիրը կբարելավի այդ մարդկանց վիճակը», - համոզված է Ա. Մարգարյանը:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի կարծիքով առանձին ոլորտներում սակագների բարձրացումը չի հակասում այդ ծրագրի բուն նպատակին: Ըստ նրա՝ սակագների բարձրացումները հիմնականում պայմանավորված են օբյեկտիվ գործոններով,օրինակ ներկրվող էներգետիկ ռեսուրսների միջազգային գների հաճախակի բարձրացմամբ:

Պարոն Խաչատրյանը նշեց, որ էլեկտրամատակարարման եւ ջերմամատակարարման սակագներում կատարվող բարձրացումների սոցիալական հետեւանքները կանխարգելու նպատակով Աղքատության հաղթահարման ծրագրով նախատեսվում է բարձրացնել բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերը եւ կենսաթոշակները: