Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախին նվիրել են «Արցախ»

Հասարակություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գիտական գրադարանը նվեր է ստացել եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցի «Արցախ» գրքի ռուսերեն տարբերակը: Այն լույս է տեսել Սանկտ-Պետերբուրգի «Նաուկա» հրատարակչությունում:

Հրատարակությունը պատրաստել են Բելլա և Վահե Գրիգորյանները, հայերենից թարգմանության հեղինակն է Նելսոն Ալեքսանյանը: Թարգմանության ժամանակ պահպանվել են բոլոր նրբերանգներն ու հեղինակի տերմինաբանությունը:

Առաջին անգամ գիրքը հայերեն լեզվով հրատարակվել է 1895թ-ին Բաքվում: Այն ունի պատմական և աղբյուրագիտական բացառիկ նշանակություն: Պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ, հոգևոր գործիչ, ծնունդով արցախցի Մակար Բարխուդարյանցը տեղեկություններ է տվել երկրի բնական ռեսուրսների, բուսական և կենդանական աշխարհի, ժողովրդագրության մասին, նկարագրել է պատմական հուշարձանները, հավաքել և վերծանել է տապանաքարերի, եկեղեցական և վանական պատերի գրությունները: Գիրքը բազմիցս օգտագործվել է գիտական ուսումնասիրություններում, որպես ուղեցույց է ծառայել Արցախի հետագա նկարագրություններում և առ այսօր էլ երկրի նյութական և հոգևոր մշակույթի մասին ամբողջական պատկերացում տվող բացառիկ աշխատություն է մնում:

Գրքի ռուսերեն թարգմանությունը նվիրված է Ղարաբաղ-Արցախի ազատության և անկախության համար նահատակված զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակին:

Երկրագետների, պատմաբանների, աստվածաբանների, քաղաքագետների և սովորական ընթերցողների համար նախատեսված այս գրքի թարգմանությունը թույլ է տվել ընդլայնել Արցախի մասին ստույգ տեղեկատվություն ստանալ ցանկացողների շրջանակը: Գիրքը տարածվել է Սանկտ-Պետերբուրգի և Մոսկվայի հեղինակավոր գիտական հաստատություններում և գրադարաններում:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: