Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՍՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏԸ

Տնտեսություն

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ կուրորտային առողջարանների եւ հանգստյան տների 2004-2008 թվականների հեռանկարային զարգացման ծրագիրը եւ վերջինից բխող միջոցառումների ժամանակացույցը:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Արա Պետրոսյանը, խոսելով ծրագրի նպատակների մասին, կարեւորեց կուրորտային զբոսաշրջության համակարգում տեղական ներուժի ներառումը, որը հանձն կառնի ձեւավորել մրցունակ եւ ժամանակակից կուրորտային նոր համակարգ:

«Մենք բավականին լուրջ ժառանգություն ենք ստացել, բայց այսօր ամբողջ նյութատեխնիկական բազան գտնվում է ոչ բարվոք վիճակում, այսինքն հեռու է միջազգային ստանդարտներին համապատասխանելուց», - ասում է նախարարը: Ըստ նրա «տվյալ պրոդուկտի վրա ձեւավորել տուրիստական փաթեթներ կարծես թե չի ստացվում»:

Բացի այդ մեր «պրոդուկտը» լավագույն ձեւով ներկայացված չէ միջազգային շուկաներում: Արա Պետրոսյանը նշեց, որ գովազդային ընկերությունները առանձնապես հոգ չեն տանում կուրորտային առողջարանները գովազդելու: Համակարգի կայացմանը խոչընդոտում է նաեւ կադրերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրը: Եւ, ըստ նախարարի, այս ամենի արդյունքն է համակարգի ներկա, մեղմ ասած, տխուր վիճակի:

Ծրագրի շրջանակներում կատարվելու է մանրակրկիտ գույքագրում, իսկ այնուհետեւ, արդեն առկա տեղեկատվական բազայի վրա կձեւավորվեն ներդրումային փաթեթները: Ըստ նախարարի, այդ ամենից հետո առաջին գործը կլինի առողջարանների եւ հանգստյան տների մասնավորեցումը:

Ի դեպ լավ լուր գործազուրկ բնագետ գիտնականների համար. նրանք հնարավոր է շուտով աշխատանք ունենան, քանի որ նոր ծրագրի համաձայն նախատեսված է գիտնականներով ապահովվել ոլորտը: Գիտնականները պիտի ուսումնասիրեն երկրի բնակլիմայական եւ լանդշաֆտային հնարավորությունները: