Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մայր Հայաստան»-ը խնամքի կարոտ

Հասարակություն

«Մայր Հայաստան» 22 մետրանոց քանդակի փոխարեն ժամանակին խոյանում էր Ստալինի արձանը:

1950թ.նոյեմբերի 29-ին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-րդ տարեդարձի օրը ներկայիս «Հաղթանակ» զբոսայգում տեղադրվեց Իոսիֆ Ստալինի արձանը (քանդակագործ` Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան), որը հաջորդ տարի արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի:

Այդ օրերին քաղաքում ասեկոսեներ էին պտտվում, թե իբր բացմանը նախորդող գիշերը «Ժողովուրդների հայրը» ինքնաթիռով գաղտնի եկել է Երևան, տեսել արձանը, հավանել և թույլատրել բացել:

1956թ.ԽՄԿԿ 20-րդ համագումարում խստորեն դատպարտվեց Ստալինի անձի պաշտամունքը և որոշում կայացվեց հանել նրա արձանները: Եթե մյուս տեղերում գործն արագ գլուխ եկավ, Երևանում` ձգձգվում էր:

Ժողովրդի մեջ նույնիսկ շշուկներ տարածվեցին, թե իբր Հայկոմկուսի Կենտկոմի քարտուղար Յակով Զարոբյանը չի ենթարկվում վերադասին ու որոշել է պահպանել արձանը: Սակայն, իրականում` համապատասխան տեխնիկան գտնվեց միայն 1962թ.գարնանը ու բռնակալի արձանը դղրդյունով գլորվեց ցած: Լսվեցին բղավոցներ, սկսվեց իրարանցում: Պատահել էր վատթարը: Արձանն ընկել էր մի զինվորի վրա ու սպանել: Կային տասնյակ վիրավորներ:

Ռ. Իսրայելյանը տարիներ անց խոստովանել է. «Գիտեմ, որ բռնակալների փառքն անցողիկ է, դրա համար էլ կառուցել եմ սովորական հայկական եռանավ եկեղեցի»:

Հինգ տարի անց պատվանդանին տեղադրվում է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» 22 մետրանոց քանդակը: Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 51 մետր է: Պատվանդանի հարկերում գործում է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմա-պատմական թանգարանը:

Արձանն խնամքի, լվանալու կարիք ունի: Սակայն, ասում են` անհնար է: Փորձեր եղել են, բայց հաջողվել է մաքրել միայն ներքևի հատվածը, մնացածը` անձրևի հույսին է:

Ի դեպ, այս տարի լրանալու է «Հազթանակ» զբոսայգու հիմնադրման 60-ամյակը:
Քանաքեռի բարձունքից կենտրոն լցվող փոշու դեմն առնելու նպատակով քաղաքի հյուսիսային լանջերը կանաչապատել սկսեցին դեռևս 30-ականներին, իսկ երկրորդ աշխարհամարտից հետո որոշվեց անտառի վերածված տարածքը դարձնել զբոսայգի. բացվեցին ծառուղիներ, հրապարակներ, տեղադրվեցին կարուսելներ, տաղավարներ:

Զբոսայգին պաշտոնապես կոչվում է «Հաղթանակ», սակայն Ստալինի արձանի տեղադրումից հետո ժողովուրդն այն անվանեց Մոնումենտ: Մինչև 1997թ. այգին քաղաքխորհրդի գործկոմի հովանու ներքո էր գործում:

Սեփականացվել էին միայն «Արագիլ» ռեստորանը, «Արցախ» սրճարանները և հրուշակեղենի արտադրամասը: 1997-ին հունիսի 23-ին Երքաղխորհրդի գործկոմը թ.579 որոշմամբ մայրաքաղաքի բոլոր զբոսայգիները միավորելով ստեղծում է «Երևան այգի» ՓԲԸ, որը 1998թ.մարտի 12-ին լուծարվում է և այգիներն անցնում են «Կանաչապատում» ՓԲԸ տնօրինությանը:

Այսօր այգու լիճն իր շրջակա խորտկարաններով առանձին տնտեսվարող ունի, «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի տարածքը օտարված է:

«Հաղթանակ» զբոսայգին ունի արտաքին լուսավորության, ոռոգման ու բարեկարգման խնդիրներ, որոնց շուտափույթ չլուծվելու պարագայում Երևանը կունենա ևս մեկ «անտեր» ու վաճառքի ենթակա թանկարժեք տարածք: