Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես լրտես չեմ և ոչ ոքի չեմ դավաճանել»

Հասարակություն

Ինտերնետային կայքերում հայտնվել է Մերձդնեստրում ձերբակալված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի հայտարարությունը, որը նա տարածել է անվտանգության աշխատակիցների օգնությամբ:

«Հանուն բոլոր սրբերի, օգնեք կնոջս և երեխաներիս, առանց որոնց ես չեմ պատկերացնում կյանքը: Ինձ հարկադրում են խոստովանել, թե լրտեսել եմ և դավաճանել հայրենիքին` հօգուտ Մոլդովայի: Պարբերաբար ծեծում են և սպառնում, որ կկիրառեն ավելի «հնարամիտ» խոշտանգումներ, որոնք հետքեր չեն թողնում: Սպառնում են, որ մեղադրանքներ կներկայացնեն և կձերբակալեն կնոջս, ցեխ են լցնում նրա վրա: Սպառնում են ֆիզիկապես հաշվեհարդար տեսնել կնոջս և երեխաներիս նկատմամբ:

Ես լրտես չեմ և ոչ ոքի չեմ դավաճանել, ես միայն ասել եմ ճշմարտությունը` հանուն սովորական մարդկանց կյանքի բարելավման: Բայց հարցաքննությունների ժամանակ հենց դրա մեջ են ինձ մեղադրում. «Ինքդ ես մեղավոր, մենք քեզ շատ ենք զգուշացրել, որ ավելորդ բաների մասին չխոսես, իսկ հիմա արդեն ուշ է դրան վերադառնալու համար»:

Հարցաքննությունները բեմադրում և նկարահանում են, և դրանց մեծ մասը կադրից դուրս է մնում: Խնդրում եմ չհավատալ իշխանությունների և քննչական մարմինների կողմից ինձ վերագրվող դավաճանության և լրտեսության մեղադրանքներին: Այստեղ ում ասես կարող են ստիպել խոստովանել ինչ ասես: Ինձ հարկադրում են մեղադրանքներ բարդել իշխանություններին քննադատող այլ մարդկանց վրա և նրանց դեմ ցուցմունքներ տալ:

Եթե հնարավոր է, օգնեք լավ փաստաբան գտնելու հարցում: Եվ հավատացեք իմ անմեղությանը, անգամ եթե ես ինքս ինձ վրա մեղք վերցնեմ վիդեոնկարահանումներում կամ դատական նիստերին` հրապարակավ: Հանուն ընտանիքիս անվտանգության` ես պատրաստ եմ ինձ վրա մեղք վերցնել և նստել այնքան, որքան պետք է հատուկ մարմիններին և իշխանություններին:

Ավելի լավ օրերի հույսով`

Էռնեստ Վարդանյան»

Մերձդնեստրի իշխանությունները ձերբակալել են 33-ամյա Էռնեստ Վարդանյանին ապրիլի 7-ին` դավաճանության եւ լրտեսության մեղադրանքով։

Այս պահին լրագրողին ներկայացված մեղադրանքը հիմնավորող փաստերի մասին որեւէ բացատրություն չի հաղորդում։ Սակայն եթե առաջադրված մեղադրանքը ապացուցվի, Վարդանյանը կարող է 12-20 տարվա ազատազրկման դատապարտվել։

Ծնունդով գյումրեցի Էռնեստ Վարդանյանը տարիներ շարունակ եղել է չճանաչված հանրապետությունում ռուսական «Նովի ռեգիոն» գործակալության թղթակիցը, անցած տարվանից, սակայն, սկսել է աշխատել մոլդովական «Պուլս» պարբերականի համար։