Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը սխալ է հաշվում» (տեսանյութ)

Քաղաքականություն

Թուրքիայում անօրինական ապրող հայերին վտարելու մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարությունը քաղաքագետ Երվանդ Բոզոյանը համարում է Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքներից մեկը:

Էրդողանը խոստացել է վտարել Թուրքիայում անօրինական ապրող 100. հազար հայերին, եթե աշխարհը շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչումը: «ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների եւ Շվեդիայի հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերը Թուրքիային ստիպեցին էլ ավելի կոշտացնել իր դիրքորոշումը»,- գտնում է Բոզոյանը:

Քաղաքագետի կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը ձախողված էր ի սկզբանե, սակայն. «Գործընթացի ձախողման մեջ որեւէ մեկը շահագրգռված չէ, այդ թվում` Թուրքիան: Թուրքիան այս գործընթացում ստացավ ամեն ինչ` հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով, ներկայիս Թուրքիայի սահմանների ճանաչում. մնացել է միայն ԼՂ հիմնախնդիրը: Այսօր Թուրքիայի կռիվը ԼՂ-ն է»:

Քաղաքագետը համոզված է, որ ՀՀ իշխանություններն էլ են ընդունում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը խայտառակ վիճակում է. «Սերժ Սարգսյանին խոսք էին տվել, որ հայ-թուրքական հարաբերությունները լինելու են առանց նախապայմանների, սակայն նա հայտնվել է ոչ նախանձելի վիճակում եւ հայտարարել է այն, ինչ Գորբաչովը 1990-ականներին` իրեն խաբել են: Խաբվելը քաղաքական կատեգորիա չէ: Եթե դու անընդհատ խաբվում ես, դա նշանակում է, որ սխալ ես հաշվում»:

Բոզոյանի խոսքով` հայ-թուրքական հարաբերությունները սահուն կերպով դարձել է «մի մեծ ԼՂ հիմնախնդիր». «Թուրքիան այսօր, իսկապես մեծ կշիռ ունի` կարող է իրեն թույլ տալ եւ Մինսկի խմբին ասել, որ լուծի ԼՂ հիմնախնդիրը»:

ՀՀ իշխանությունների վիճակը Բոզոյանը ոչ պակաս տխուր է գնահատում նաեւ ԼՂ հիմնախնդրի գործընթացում. «Վերջին շրջանում միջնորդները ինչ առաջարկներ ներկայացնում էին ՀՀ-ն միշտ կողմ էր,իսկ Ադրբեջանը դեմ: Իր «այո»-ներով Հայաստանն ամեն ինչ արեց, որ միջնորդները մեզ համար ավելի վատ առաջարկներ ներկայացնեն, իսկ Ադրբեջանն էլ տվեց իր համաձայնությունը: Այսօր ապակառուցողի դերուն հայկական կողմն է: Սա խոշոր դիվանագիտական պռավալ է»:
Անդրադառնալով Երեւանում կատարած ԼՂ հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ զեկուցող Գորան Լենմարկերի այն հայտարարությանը, թե կարիք չկա բանակցային գործընթացում որպես կողմ ընդգրկել ԼՂ-ն` քաղաքագետն ասաց. « Այդ լկտի հայտարարությունը վկայում է այն մասին, որ մենք ենք թույլ տվել, որ նման արտահայտություններ իրենց թույլ տան: Ցավոք դա է իրավիճակը»:

Քաղաքագետը համոզված է, որ մոտ ապագայում ԼՂ հիմնախնդիրը չի լուծվելու, իսկ եթե իշխանությունները գնան զիջումների, ապա ՀՀ-ում կրկնվի 1998թ. գործընթացը: