Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական «միֆ»

Քաղաքականություն

«Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանությունը» միֆ է, որը ստեղծվել է դեռևս Հեյդար Ալիևի կողմից և որը պաշտպանել է գահաժառանգ Ալիև-կրտսերը` միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպես նաև հայ խաղաղ բնակչության և սեփական ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական և այլ քրեականորեն հետապնդվող գործողությունները քողարկելու նպատակով»,- այսօր հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարարությունը:

Հիմնվելով փաստերի վրա` Նախարարությունը հայտարարում է, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաև այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել քաղաքական խարդավանքների պատճառով և իշխանության հասնելու համար:

ԼՂՀ ԱԳՆ-ն նաեւ հիշեցնում է` 1992թ փետրվարի 26-ին Խոջալուում պահվում էր 47 հայ-պատանդ, ինչի մասին ադրբեջանական ԶԼՄ-ը գիտակցաբար լռում են:

Խոջալուի ազատագրումից հետո նրանցից մնացել էր միայն 13-ը /որոնցից վեցը` կանայք, մեկը` երեխա/, մնացած 34-ին ադրբեջանցիները տարել են անհայտ ուղղությամբ: Առայսօր ոչ մի տեղեկություն չկա նրանց հետագա ճակատագրի մասին: Հայտնի է միայն մեկ բան` նրանց գյուղից հեռացրել են ռազմական գործողության գիշերը, սակայն Աղդամ նրանք չեն մտել:

«Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին տպավորություն ստեղծել որ հայերն են պղծել դիակները, առաջին հերթին այլանդակել են հենց հայ պատանդների մարմինները, որպեսզի դրանց ինքնությունը հնարավոր չլինի պարզել: Հենց այդ նպատակով էլ շատ դիակների վրայից հանվել է վերնազգեստը, հենց այդ պատճառով էլ զոհերի մարմիններն անարգանքների են ենթարկվել` դրանք անճանաչելիության աստիճանի հասցնելով»,-հայտարարում է ԼՂՀ ԱԳՆ-ը: