Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում շահագործում են մարդկանց (տեսանյութ)

Քաղաքականություն

«Այսօր ՀՀ-ում գործում է աշխատանքային շահագործման սկզբունքը,-այսօր հայտարարեց մարդու իրավունքների պաշտպանը եւ ավելացրեց,-այն մարդկանց համար, ովքեր քաղաքացուն դիտարկում են որպես նրա իրավունքների խախտմամբ գերշահույթ ստանալու միջոց, պետությունը եւս գերշահույթ ստանալու միջոց է դառնում»:

Արմեն Հարությունյանը որպես աշխատանքային շահագործման պարզ օրինակ բերեց երթուղային տաքսիների վարորդների խախտված իրավունքները:

Օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրել է 70 կազմակերպությունից  միայն 5-ը, ընդ որում ոչ ամենախոշորները, եւ պարզել է, որ վարորդներին աշխատեցրել են արտաժամյա' օրվա մեջ 18 ժամ: «Աշխատեցրել են առանց վճարելու, ընդհանուր առմամբ չի վճարվել 144 միլիոն դրամ»,-նկատում է Արմեն Հարությունյանը:

Կազմակերպություններից մեկում 24 վարորդից միայն 4-ն են ունեցել պատշաճ փաստաթղթեր: Ուսումնասիրված 5 կազմակերպություններից մեկն էլ շուրջ մեկ տարի գործել է առանց արտոնագրի: «Արդյունքում խախտվում է  ոչ միայն այդ մարդկանց աշխատանքային իրավունքները, այլ նաեւ ուղեւորների անվտանգությունը»,-ընդգծում է Հարությունյանը եւ հույս հայտնում, որ Աշխատանքի  պետական տեսչությունը կանի ուսումնասիրություններ տվյալ բնագավառում գործող ավելի խոշոր կառույցներում' անկախ այն բանից, թե ով է դրանց սեփականատերը կամ ով է նրանց թիկունքում կանգնած:

Արմեն Հարությունյանն այսօր իր գրասենյակում հրավիրած ասուլիսում խոսեց ոչ միայն մարդկանց աշխատանքային շահագործման, այլեւ մենաշնորհների մասին' ընդգծելով, որ հակամենաշնորհային ինստիտուտները մեզանում ձեւական բնույթ են կրում, ուստի այսօր ընդհանարապես երաշխավորված չեն սպառողների իրավունքները:

Նա նաեւ մտահոգություն արտահայտեց շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մարդու իրավուքնների խախտման բազմաթիվ փաստերի կապակցությամբ:  «Ըստ էության այսօր չի ապահովվում ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածը, համաձայն որի, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջական միջավայրում»: