Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթն անցավ խիստ կազմակերպված (տեսանյութ)

Քաղաքականություն

            ՀՅԴ բազմահազարանոց երթն, այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկելով, անցկացվեց խիստ կազմակերպված:

Երթի մասնակիցները գոռում ու իրենց պահանջները վանկարկում էին, երբ նրանց ուղեկցող բեռնատար մեքենայի վրայից բարձրախոսով հայտարարում էին այդ մասին: «Դադարեցնել բանակցությունները թուրքերի հետ», «Ոչ մի զիջում թուրքերին», «Ոչ թուրքական պայմաններին» եւ այլ ցուցապաստառները, ինչպես նաեւ' եռագույն ու ՀՅԴ զինանշանով դրոշները պարզած երթի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին «Միություն, պայքար, հաղթանակ», «Ոչ թուրքական նախապայմաններին», «Նախագահ մի զիջիր», «Ոչ մի զիջում թուրքերին»: Նրանցից շատերը կամ ձեռքերին, կամ կրծքին փակցված ունեին կարմիր թերթիկներ, որոնց մեծ, սեւ տառերով գրված էր «Ոչ»:

Երբեմն-երբեմն նրանք երգում էին ազգային-ազատագրական երգեր, փայտերով խփում «Ոչ թուրքական պայմաններին» փոքրիկ ցուցապաստառի վրա: Մայթերին կանգնած մարդիկ նայում էին երթի մասնակիցներին, իսկ վերջիններս նրանց կոչ էին անում միանալ իրենց:

Երթը Հանրապետության հրապարակից հասավ ՀՀ նախագահի նստավայր, իսկ ապա' Ծիծեռնակաբերդ: Երթը գլխավորում էին ՀՅԴ անդամներ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Կիրո Մանոյանը, Հովհաննես Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը եւ այլոք: Նրանց հետ էր նաեւ կոմպոզիտոր-երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Երթի ամբողջ ճանապարհահատվածը ոստիկանների կողմից փակվել էր միայն միակողմանիորեն:

Հասնելով նախագահական նստավայրի մոտ' Արմեն Ռուստամյանը բարձրացավ բեռնատար մեքենայի վրա ու ընթերցեց իրենց դիմում-պահանջը: Այն այնուհետեւ փոխանցվեց երթի մասնակիցներին ընդառաջ դուրս եկած ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց. «Յուրաքանչյուր քաղաքացու, առավել եւս քաղաքական ուժի, առավել եւս ընդդիմադիր ուժի կարծիք մեզ համար խիստ կարեւոր է: Մենք այն կվերցնենք եւ մեր հետագա գործողությունների ընթացքում հաշվի կառնենք նաեւ այս առաջարկները: Կարծում եմ' օգտակար կլինի»:

  Մինչ երթը կհասներ նախագահական նստավայր, այստեղ էին արդեն «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության մի շարք անդամներ, որոնք «Սերժ Սարգսյան դու ընտրված նախագահ չես», «Թալեաթ, Ջեմալ, Էնվեր հավասար է Սերժ Սարգսյան» ցուցապաստառներով վանկարկում էր «Սերժիկ հեռացիր», «Սերժիկ դավաճան», «Հող հանձնողը դավաճան»: Սա, ինչպես «Ա1+»-ին պատմեց նախաձեռնության անդամ Հրայր Սադյանը' ոստիկաններին դուր չէր եկել, եւ նրանք բավականին կոպիտ ձեւով այս ակցիայի մասնակիցներին հրել էին Սիրահարների այգի ու մի որոշ ժամանակ անց ազատ թողել: