Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-Թուրքականի հետ կապ չունի

Պաշտոնական

Հոկտեմբերի 8-ին Քիշնեւում ԱՄՆ դեսպանի կեցավայրում կայացել են  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձեւաչափով' երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը զրույցը շարունակել են դեմ առ դեմ, որից հետո նրանց կրկին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ երկու երկրների արտգործնախարարները:

Երեք ժամ տեւած զրույցի ընթացքում կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել' շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:

Հանդիպման ավարտին համանախագահները լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շարունակել են այն հարցերի քննարկումը, որոնց շուրջ դեռեւս չկա փոխըմբռնում:

Համանախագահներն ասել են, որ բանակցությունները շարունակվում են միջազգային իրավունքի եւ հիմնարար փաստաթղթերի բոլոր' ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման բացառման եւ ԵԱՀԿ արտգործնախարարների Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ ամրագրված հայտնի սկզբունքների շրջանակում: Նրանք նաեւ նշել են, որ  ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը որեւէ կերպ չի առնչվում հայ-թուրքական երկխոսությանը, եւ դրանք տարբեր տրամաբանությամբ առանձին գործընթացներ են: