Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ր. Հովհաննիսյան. «Այլեւս հրաժարական չեմ տալու» (տեսանյութ)

Քաղաքականություն

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր- նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր վերջապես հանդիպեց լրագրողներին: Թեման վերաբերում էր հայ -թուրքական հարաբերություններին, սակայն լրագրողները պարոն Հովհաննիսյանից փորձեցին պարզել իր կուսակիցներին ուղղված նրա խորհրդավոր նամակի բովանդակությունը, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղի է տվել:

Ըստ նրա կուսակիցների' պարոն Հովհաննիսյանը նամակում գրել էր, որ տալիս է իր կյանքի վերջին քաղաքական հրաժարականը:

 «Ես գրել եմ, որ դուք համարեք, որ այլեւս հրաժարական չի լինելու: Սա, որ դուք տեսել եք, իմ վերջին հրաժարականն է: Այսինքն, դուք ինձանից հրաժարական չեք տեսնի սրանից հետո: Ամեն մեկն իր համար»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Նրա խոսքերով' նա մանդատից հրաժարվելու հրաժարականը հետ է վերցրել, քանի որ դրված էր նաեւ «Ժառանգության» ապագայի խնդիրը:

«Ժառանգության» ներկուսակցական բոլոր խնդիրները Հովհաննիսյանը պատրաստվում է լուծել հաջորդ տարվա սկզբում «Ժառանգության» արտահերթ համագումարի ընթացում. «Այնտեղ նաեւ դրվելու է իմ պատասխանատվության եւ իմ վստահության խնդիրը, եւ ես անդրադառնալու եմ բոլորի վարքին: Եվ այլեւս հերիք է, որ ես ուրիշների անունից, լինեն նրանք նախագահ, թե համախոհներ, թե կուսակից ընկերներ, ես հրաժարական տամ, եւ ես ներողություն խնդրեմ»:

 Այսօր նա ոչ հաստատեց եւ ոչ էլ հերքեց, այն լուրերը, թե «Ժառանգության» վարչության ընտրությունները տեղի են ունեցել կեղծիքներով:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական երկկողմ արձանագրություններին, ապա այն ստորագրողին կամ ստորագրել տվողին' «Ժառանգության» հիմնադիր նախագահն ասաց. «Նա կվավերացնի հայ ժողովրդի հայրենազրկումը'Քեմալաբոլշեւիկյան պայմանագրերի ընդունմամբ եւ կթաղի հայկական հարցը: Հերիք է հայոց պաշտոնյանները ներկայացնեն թուրքական պաշտոնական թեզերը»:

Խոսելով «Ժառանգություն»- ՀՅԴ համագործակցության մասին' Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել նաեւ այլ ուժերի հետ' հայ-թուրքական արձանագրությունները ստորագրումը կանխելու համար:   

Այսօր նա հրաժարվեց գանահարել հայ-թուրքական հարաբերություններին ողողած  ՀՅԴ-ի ակցիաները, մասնավորապես հացադուլն ու նստացույցը, որն իրականացվում է հերթափոխով: «Ես կարծում եմ, որ այսօր շրջանում անհրաժեշտ է մանր կուսակցական շահերի հաղթահարումը: Իմ գործունեության գոնե մի քանի տարիները նվիրված են եղել դաշտի միաձուլմանը: Կարող եք ինձ ասել ռոմանտիկ, բայց ես վերջին  շրջանում կրկին փորձեր կատարել եմ ընդդիմադիր դաշտում ընդհանուր հայտարարի միջավայր ստեղծելու համար»,- «Ա1+»-ին ասաց «Ժառանգության» հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: