Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդարացման դատավճիռ մարտի 1-ի գործով

Քաղաքականություն

                  ՀՀ Վճռաբեկ դատարանը  քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ / զեկուցող Համլետ Ասատրյան/այսօր արդարացրել է մարտի 1-ի գործով մեղադրվող Արմեն Սարգսյանին:

«Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արմեն Սարգսյանն այս մասին տեղեկացավ հեռախոսով:    Նա դատական նիստին ներկա չէր:

 Դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի մեկ ամսվա ընթացքում: Իսկ այսօր, ինչպես «Ա1+»-ին ասաց Արմեն Սարգսյանի հանրային պաշտպան Ինեսա Պետրոսյանը, դատարանից կստանան որոշման քաղվածքը, որպեսզի անմիջապես մեկնեն Սեւան ու իր պաշտպանյալին ազատ արձակեն:

24-ին նրա ծննդյան օր է, դա նրա համար իսկական նվեր կլինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանի կինը, որը ամուսնու մոր ու Ինեսա Պետրոսյանի հետ պատրաստվում է այսօր գնալ Սեւան:

            Նշենք, որ Երեւանի քրեական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՀՀ Քր. Օր 225 հոդվածի 2-րդ մասով' զանգվածային անկարգությունների անմիջականորեն կատարում եւ դատապարտել էր 4 տարի ազատազրկման:

Ի դեպ, ՀՀ ԱԺ «Համաներման մասին» որոշումը չէր տարածվել նրա վրա, քանի որ 2006թ. նա էլի դատապարտված է եղել ու ազատ արձակվել համաներմամբ: «Մենք իհարկե արդարացման համար էին պայքարում եւ նույնիսկ չէինք էլ համաձայնվի համաներմանը»,- ընդգծեց տիկին Ինեսան:

Վճռաբեկ դատարան ներկայացրած իր բողոքի մեջ հանրային պաշտպանը հիմնական շեշտադրումներն արել էր բոլոր այն խախտումների վրա, որոնք «ակնհայտ էին ու ուղղակի հնարավոր չէր աչք փակել»: