Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՔԾ-ի աշխատանքը գնահատում են 2»

Հարցազրույց

                                                                        «Մարտի 1-ի 10 զոհերից Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ լուծարված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը Հատուկ քննչական ծառայությունը գնահատել է «հիվանդագին երևակայության արդյունք»: «Ինձ համար հասկանալի եւ ընդունելի չէ ՀՔԾ-ի արձագանքը: Մենք ներկայացրել ենք փաստաթուղթ  Աժ ժամանակավոր հանձնաժողովին եւ Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատար Թոմաս Համմարբերգին»,- այսօր «Ա1+ին» ասաց Անդրանիկ Քոչարյանը եւ պատասխանեց մեր  հարցերին:

-         Պարոն Քոչարյան ՀՔԾ-ն Ձեր եւ Սեդա Սաֆարյանի զեկույցում տեղ գտած փաստերն ուսումնասիրելու փոխարեն վիրավորական արտահայտություններ է տարածել Ձեր հասցեին: Ինչպե՞ս եք գնահատում դա:

-         Մենք կուզենայինք, որ ՀՔԾ-ի առարկությունները նույնպես թարգմանվեր եւ ուղարկվեր Թոմաս Համմարբերգի գրասենյակ, որպեսզի նրանք կարողանան համեմատության մեջ պատկերացում կազմել   մեր ՀՔԾ-ի իրավական որակի եւ ունակությունների մասին: Մենք ներկայացրել ենք փաստերի վրա կառուցված լուրջ փաստաթուղթ:  Այն առարկությունները, որոնք վիրավորանքների ձեւեով  ներկայացրել է ՀՔԾ-ն,  ես կցանկանայի, որ փաստերի հիման վրա առարկեր, որպեսզի այն տեսանելի լինի: Քանի դեռ ՀՔԾ-ն չի բացահայտել մարտի 1-ի սպանությունները, թող բարի լինի, լուրջ ուսումնասիրի մեր զեկույցը եւ հիմք ընդունի իր հետագա գործողություններում' մարդասպաններին բացահայտելու համար:

-         Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ 2 տեսակետ կա' մի խումբը կարծում է, որ ՀՔԾ-ն իսկապես չի կարողանում բացահայտել, իսկ մյուսը' չի ցանկանում բացահայտել: Դուք ի՞նչ եք կարծում:   

-         Ես կարծում եմ, որ ՀՔԾ-ն եւ ի վիճակի չէ եւ չի ցանկանում բացահայտել սպանությունները: Երկուսը  միասին:

-         Դուք նաեւ փաստաթուղթ եք հրապարակել, որտեղ նշված են այն պաշտոնյաների անունները, որոնց մարտի 1-ին ՀՀ ՊՆ թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյումներ և 140 հատ գլխարկներ:

-         Փաստահավաք խմբին այս տեղեկատվությունը տրամադրել է Հայ Ազգային Կոնգրեսը: Փաստահավաք խումբը դրա կապակցությամբ կատարել է գործողություններ, որոնք շարադրված են մեր 4-րդ զեկույցում, իսկ հավելվածի մասում կցված է փաստաթուղթը: Մնացած ուսումնասիրություններն արդեն պետք է իրականացնի Աժ ժամանակավոր հանձնաժողովը:

-         Փաստաթղթի վրա կա՞ կնիք կամ այլ բան, որը հուշի, թե որ մարմնին է այն պատկանում:

-         Փաստաթղթից չի՞ երեւում, թե որն մարմնին է այն պատկանում: Փաստահավաք խումբն իր գործողությունները կատարել է ՊՆ-ի  այն ենթադրվող  կառույցներում, որտեղ կարող էին այդպիսի գործողություններ իրականացվել: Այն խոչընդոտները, որոնք ստեղծեցին Փաստահավաք խմբի առջեւ, մեզ մոտ հարցեր առաջացրեցին, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն: Փաստաթուղթը ներկայացված է այնպես, ինչպես ներկայացված  է փաստահավաք խմբին, ուսումնասիրությունները իրականացված են, այնպես, ինչպես  տեղ է գտել զեկույցում: Մնացած ուսումնասիրությունները պետք է բխեն Փաստահավաք խմբի զեկույցում տեղ գտած հարցերից:

-         Ձեր կարծիքով մարտի 1-ին հագուստ ստացած պաշտոնյաների վերաբերյալ փաստաթուղթը, որը  տրամադրել եք ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին կդառնա ՀՔԾ-ի ուսումնասիրության առարկա, թե՞ ոչ: 

-         Ես կզարմանամ, եթե այդ փաստաթուղթը հասնի ՀՔԾ, քանի որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի շատ անդամներ ՀՔԾ-ի աշխատանքը գնահատում են 2: Աժ հանձնաժողովն ինքնուրույն պետք է փորձի կազմակերպել  այդ ուսումնասիրությունները, հակառակ դեպքում' կստացվի, որ ԱԺ-ն ՀՔԾ-ի կցորդն է:

-         Փաստաթղթի հրապարակումից հետո միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լրատվական ծառայությունից հաղորդագրություն տարածվեց, թե Ծառուկյանն ու նրա մերձավորները կապ չունեն մարտի 1-ի հետ: Միայն հաղորդագրությամբ հերքելը կամ մյուսների լռելը բավարա՞ր  է փաստաթուղթը հերքվելու համար հաստատվելու համար:  

-         No comment :

-         Ինչպե՞ս եք գնահատում 2008թ. մարտի 1-ի տեսանյութերի հիման վրա, բռնություն իրականացրած 4 ոստիկանի նկատմամբ քրեական գործի հարուցումը, այն դեպքում, երբ նման բազմաթիվ տեսանյութեր կան:

-         Բացի այն, որ բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ պարզ երեւում է, որ ոստիկանները բռնություն են իրականացնում, տեսանյութերում նաեւ պարզ երեւում է, թե ոստիկաններն ում նկատմամբ են բռնություն իրականացնում: Ինձ հետաքրքրում, թե այն քաղաքացիները ում նկատմամբ բռնություն են կիրառել, նրանք  որտե՞ղ են հայտնվել: Ի՞նչ է բռնությունից հետո տաքսի են կանչել, նրանց տո՞ւն են ուղարկել: Ես համոզված եմ, որ բռնության ենթարկված քաղաքացիները բերման են ենթարկվել: Ինչո՞ւ չեն ասում, թե ովքեր են բռնության ենթարկված քաղաքացիները: Հետո կարող է պարզվել, որ տուժող չկա եւ բռնություններով հարուցված քրեական գործերը պարզապես կդառնան անհեթեթություն: Տեսանյութերում նաեւ երեւում են ոստիկանական զորքերի համազգեստով մարդիկ, որոնք բռնություն են կիրառում, սակայն նրանց մասին խոսք չկա, իսկ նրանց կողքին կանգնած պարեկապահակային սերժանտին կարողացել են հայտնաբերել, բայց սերժանտի միջոցով էլ չեն կարողանում հայտնաբերել, թե առավոտյան ժամը 7.15-ին ոստիկանության զորքերի համազգեստով մարդն ի՞նչ գործ ուներ Հանրապետության հրապարակում, որ հետապնդում եւ բռնություն էր կիրառում քաղաքացու նկատմամբ, այդ դեպքում, երբ նա պետք է լիներ Ազատության հրապարակում' ծառայություն իրականացնելիս:

-         Դուք արդեն 4 զեկույցն եք պատրաստել մարտի 1-ի դեպքերով, դեռ քանի՞ զեկույց եք պատրաստելու:

 

-         Պատրաստելու ենք այնքան զեկույց, որքան նյութ կա մարտի 1- դեպքերով Փաստահավաք խմբում: Եթե Աժ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում տեղ չգտնեն որոշ  փաստեր, որոնք եղել են Փաստահավաք խմբում, ապա ես եւ տիկին Սաֆարյանը, ցանկության դեպքում նաեւ  խմբի մյուս անդամների հետ, ձեռնամուխ կլինենք մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ամբողջական զեկույց պատրաստելուն: 

-         Մարտի 1-ի սպանությունները, ժողովրդի վրա կրակելու հրաման տվողները երբեւէ կբացահայտվե՞ն քրեական գործերով:

-         Չբացահայտվող հանցագործություններ չկան: Մի օր կբացահայտվի եւ հրաման տվողը եւ կատարողները եւ մարդասպանները: Մարտի 1-ին տարբեր մակարդակների հրաման տվողներ են եղել: Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հայտարարեց, որ մարտի 1-ին կենտրոնական շտաբ է եղել, սակայն շտաբի բացահայտման ուղղությամբ որեւէ քայլ չարվեց: Ես ափսոսում եմ, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն էլ չբացահայտեց այդ շտաբի կառուցվածքը, շտաբում որոշումներ կայացնելու գործընթացը եւ այլն:   Մենք ունենք  բացահայտված 5 մահվան հանգամանքներ, սակայն 5-ն էլ դեռ պետք է բացահայտվեն: Օրինակ, Դավիթ Պետրոսյանին սպանել են թիկունքից: Մարդը, որեւէ վտանգ չի ներկայացրել, ինչպե՞ս պատահեց, որ նրան թիկունքից կրակեցին: Բոլոր հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները:Մարտի 1-ին թողած հետքերը բավարար են բոլոր հանցագործությունները բացահայտելու համար: Քանի դեռ մարտի 1-ի հարցականները չեն բացահայտվել ՀՀ-ում ներքին կյանքը չի կարող հանդարտ լինել:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը