Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդների երթ (տեսանյութ)

Քաղաքականություն

Երկարատեւ ընդմիջումից հետո այսօր Երեւանի կենտրոնում կրկին բողոքի երթ էր: «Ազատություն Տիգրանին», «Տիգրան մենք քեզ հետ ենք» վանկարկումներով Կոնգրեսի երիտասարդական թեւն այսօր շրջեց Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթը սկսվեց Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից` առանց ոստիկանների ուղղեկցությամբ: Կարճ ժամանակ անց հայտնվեցին նաեւ ոստիկանները, սակայն տեսնելով, որ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը չի գերազանցում 100-ը` չխոչընդոտեցին երթը:

Օպերայի բակում երիտասարդները դադարեցրեցին երթը եւ տեղավորվելով Օպերայի մուտքի աստճանների վրա` բոլորը միասին սկսեցին «Հայկական ժամանակ» ընթերցել: Իսկ ինչո՞ւ «Հայկական ժամանակ». «Ա1+ի» հարցին. բողոքի ակցիայի մասնակիցները պատասխանեցին. «Ուզում ենք ճշմարտությունն իմանալ»: Օպերայի մոտից բողոքի ակցիայի մասնակիցների կարգախոսներին ավելացավ. «Ազատություն Նիկոլ Փաշինյանին»:
Երթը շարունակվեց Նիկոլ Փաշինյանի խոսքերով, որոնցով նա ժամանակին սկսեց «Իմպինչմենտի» միջոցառումները: «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց: Եւ այդ մեկ մարդը դու ես: 1+1+1+1...»:

Այսօրվա երթի ընթացքում երիտասարդները սպիտակ վերնաշապիկի վրա փողոցի անցորդներից ստորագրություններ էին հավաքում` ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի: «Եթե ժամանակին շատերը չէին ճանաչում Տիգրան Առաքելյանին այսօր նրան մասին գիտեն շատերը եւ բոլորն էլ դատապարտում են նրա ապօրինի ձերբակալությունը: Ստորագրահավաքը ընդամենը 30 րոպե է ինչ սկսել ենք եւ արդեն 23 ստորագրություն ունենք: Այս վերնաշապիկը պատրաստվում ենք ուղարկել Տիգրանին, որպեսզի նա զգա, որ մենք բոլորս իր հետ ենք»,- «Ա1+ին» ասաց Ծովինար Բանուչյանը:

Իրենց բողոքի երթը երիտասարդներն ավարտեցին Սարյանի արձանի մոտ, որտեղ էլ շարունակեցին ի պաշպանություն Տիգրան Առաքելյանի սկսած ստորագրահավաքը: