Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայեցակարգ Ջերմուկի մասին

Պաշտոնական

Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգն է քննարկվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Դրան մասնակցել են էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարները, տարածքային կառավարման նախարարության, Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի ղեկավարները:

Կարեն Կարապետյանն ասել է, որ  քննարկվող թեման ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի կարեւորագույն բաղկացուցիչներից է, եւ Ջերմուկ քաղաքի համալիր զարգացման առանցքային հարցերը քննարկվել են նաեւ Հանրապետության Նախագահի' անցած տարի քաղաք կատարած այցերի ընթացքում:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացնելով քաղաքի զարգացման հայեցակարգը' նշել է, որ այն մշակվել է տեղական եւ միջազգային մասնագետների ուժերով եւ հնարավորություն է տալիս վերջնական տեսքի բերել քաղաքի գլխավոր հատակագիծը: Հայեցակարգի հիմնական նպատակն է Ջերմուկը դարձնել ամբողջ տարին գործող միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ եւ ակտիվ կենսակերպի զբոսաշրջային կենտրոն:

Խորհրդակցության մասնակիցները  նշելով, որ մեծածավալ եւ լուրջ աշխատանք է կատարվել, ներկայացրել են փաստաթղթի ժամկետների, ֆինանսավորման, առկա խնդիրների լուծման վերաբերյալ իրենց նկատառումներն ու դիտողությունները:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգն ընդհանուր առմամբ ընդունելի համարելով, կարեւորել է դրա գործնական կիրառումը եւ հետագա քննարկումների ընթացքում փաստաթղթից բխող ծրագրավորումը: Նրա խոսքով' անհրաժեշտ է հստակ արձանագրել պետության մասնակցության չափաբաժինն' այն ամրագրելով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում, ինչպես նաեւ նախանշել այն թիրախները, որոնք պոտենցիալ ներդրողներին կշահագրգռեն ներդրումներ կատարել Ջերմուկում: