Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քչերն են ցանկացել հայերենով սովորել

Հասարակություն

       «Քանի որ Սփյուռքում ապրողների միայն 5 %-ը հնարավորություն ունի մասնավոր հայկական դպրոցներ գնալու, եւ  95 %-ը նախընտրում է պետական  դպրոցը,  այդ իսկ պատճառով որոշեցինք ստեղծել առաջին օն-լայն հայկական դպրոցը»,- այսօր այդ մասին  լրագրողներին տեղեկացրեց Հայկական Բարեգործական Ընդհանուր միության  Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր եւ նախագահ դոկտ. Երվանդ Զորյանը:

   ՀՀ վիրտուալ առաջին դասարանները բացվել են հունիսի 14-ին եւ աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 7-ին:

Աշխարհի 22 երկրներից շուրջ 150 ուսանող է մասնակցում այս դասընթացներին:

Դասավանդումը  6 լեզվով է' արեւմտահայերեն, արեւելահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն:

   Առաջին դասընթացն անվճար է , եւ ուսանողները սովորում են  հայոց լեզու, պատմություն եւ մշակույթ:

   « Բացի գիտելիքներ ստանալուց, այս դասընթացը նաեւ հաղորդակցություն է սովորեցնում: Այն ոչ միայն ինֆորմացիայի, այլեւ հաղորդակցության դպրոց է»,- ասում է Երվանդ Զորյանը:     Մասնակիցներից ամենափոքրը  17 տարեկան է, իսկ ամենամեծը' 82 տարեկան:

    Ուսուցիչներն էլ նշում են, որ այդ ուսանողներից շատ քչերն են ցանկություն հայտնել սովորել հայերենով, ավելի շատ հայերեն բառերը գրում  եւ սովորում  են ֆրանսերենով կամ անգլերենով:  

   Աշնանային շրջանի դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերի 22-ից: Այստեղ կառաջարկվի նաեւ դասընթաց հայկական ճարտարապետության մասին: Սակայն այս դեպքում արդեն ուսանողները ստիպված կլինեն վճարել:

   ՀՀ Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը էլ նշեց, որ սա ազգանվեր գործ է, որը նվիրված է սփյուռքում հայապահպանությանը: «Սա ոչ թե ուսումնական, այլ հայապահպանության գործընթաց է»,- ավելացրեց Սփյուռքի փոխնախարարը:

    Ի դեպ, ասուլիսին պետք է ներկա լիներ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, սակայն 30 րոպե սպասելուց հետո ասուլիսն անցկացվեց առանց նրա: