Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԱՏԻԿ Է

Մշակույթ

Հայ առաքելական եկեղեցին վաղը` ապրիլի 20-ին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության օրը:

Սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին, եւ թե Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ի՞նչու եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9): Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւում է նրանց:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որը թափվեց մեր փրկության համար: Տարածված այն կարծիքը, որ տանը նոր մահացած լինելու դեպքում ձուն չէր ներկում կամ բրնձով փլավը չամիչով չեն եփում,ըստ Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի, եկեղեցու հայրերը ճիշտ չեն համարում:

Ս. Գրիգոր Տաթեւացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատիկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի, եւ ինչպես իմաստուններն են ասում, «դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը` օդի, եւ սպիտակուցը` ջրին, դեղինն էլ երկիրն է»: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»: