Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ արձակեցին' դատապարտելով (տեսանյութ)

Քաղաքականություն

«Պայքարը շարունակվում է»,- այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվելով' հայտարարեց  Ալեքսանդր Արզումանյանը: Նա հետ միասին ազատ արձակվեց  մարտի 1-ի քրեական գործով  Արզումանյանի հետ մեղադրվող Սուրեն Սիրունյանը: Մեղադրող կողմը Արզումանյանի համար պատիժ էր պահանջել 6, իսկ Սիրունյանի համար 5 տարի ազատազրկում: Թեեւ Արզումանյանի եւ Սիրունյանի պաշտպանները դատարանից պահանջել էին արդարացնել իրենց պաշտպանյալների, սակայն  դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղադրական վճիռ կայացրեց:  Մարտիրոսյանի հրապարակված վճռում Ալեքսանդր Արզումանյանը ազատազրկման դատապարտվեց 5, իսկ Սիրունյանը 4 տարի ազատազրկման: Նրանք նկատմամբ կիրառվեց համաներում եւ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Ազումանյանին եւ Սիրունյանին դատարանի բակում սպասում էին նրանց հարազատներն ու Հայ Ազգային կոնգրեսի անդամները: Նրանց դիմավորեց նաեւ մարտի 1-ի զոհերից' Գոռ Քլոյանի հայրը' Սարգիս Քլոյանը: «Ես միշտ ձեր կողքին եմ եղել»,- Արզումանյանին ասաց զոհվածի հայրը:

 Արզումանյանն ու Սիրունյանը շնորհակալություն հայտնեցին  բոլոր նրանց, ովքեր արդեն մեկ տարուց ավել է իրենց կողքին են եւ շարունակում են պայքարը: Արզումանյանը լրագրողներից ներողություն խնդրեց այսօր նրանց հարցերին չպատասխանելու համար, քանի որ այդ պահին արդեն ազատ էր արձակվել Մյասնիկ Մալխասյանը, ով նրանց սպասում էր Մյասնիկյանի արձանի մոտ:

Մոտ մեկ տարի ազատազրկումից հետո Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սուրեն Սիրունյանը հանդիպեցին  Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 2008թ մարտի 1-ին' վերջին անգամ հանդիպել էին ազատության մեջ: Այսօր ազատ արձակված Հակոբ Հակոբյանը Մյասնիկյանի արձանի մոտ չէր: Նա ազատ արձակվելուց հետո անմիջապես գնացել էր Աբովյան, որտեղ պետք է հրապարակվեր Սասուն Միքայելյանի դատավճիռը, որի նկատմամաբ համաներումը չի տարածվում եւ նրա համար մեղադրող կողմը պահանջել է 9 տարի ազատազրկում: Մյասնիկյանի արձանի մոտից Աբովյան մեկնեցին նաեւ Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սուրեն Սիրունյանը: Հավաքված ժողովրդին, որոնք շնորհավորում էին միմյանց, չզսպելով արցունքները' ազատ արձակվածները խոստացան հանդիպել   այսօր ժամը 18.00-ին Սարյանի արձանի մոտ: Նրանց հեռանալուց հետո' հավաքվածները դեռ վանկարկում էին. «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: