Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հետախուզման մեջ գտնվողներին կապիտուլյացիայի են ենթարկում»

Հարցազրույց

Սերժ Սարգյանի համաներման առաջարկությունն այսօր ԱԺ-ում առանձնապես բուռն քննարկման չենթարկվեց: Հարցեր տվող եւ ելույթ ունեցող պատգամավորներն ինչպես միշտ նույնն էին' «Ժառանգության» պատգամավորները, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:

Համաներման նախագծի նկատմամբ ԱԺ մեծամասնության անտարբերությունը «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «Ա1+»-ին բացատրեց այսպես.

-         Նույն լռելյայն պայմաններում ԱԺ-ն համաձայնություն է տվել է իր 4 գործընկերներին կալանավորելուն' նրանց խափանման միջոցը կալանք ընտրելուն: Այնպես, որ այսօր որեւէ զարմանալի բան տեղի չունեցավ:

-         Այս անգամ ներկայացված նախագծի հեղինակը Սերժ Սարգսյանն էր, եւ ենթադրվում էր, որ ակտիվություն կլինի:

-         ԱԺ-ին որքան չհետաքրքրեց մարտի 1-ի դեպքերը, նույնքան էլ չհետաքրքրեց համաներումը:

-         Իսկ ընդունված համաներման բովանդակությունը Ձեզ բավարարե՞ց:

-         Բնականաբար' ոչ:  Համաներումն ամբողջական չէ, այն ամբողջությամբ չի տարածվում 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ, քարոզարշավից առաջ, քվեարկության օրը, հետընտրական բողոքարկման շրջանում, այդ թվում մարտի 1-2-ի  իրադարձությունների հետ առնչվող մարդկանց մեղադրանքների վրա: Մի մասի վրա մասնակի է տարածվում' պատժաչափ է նվազում, իսկ մյուսի' ընդհանրապես չի տարածվում: Պայմանական կարելի է մի խումբ էլ առանձնացնել, որոնց ճակատագիրը կախված է բազմաթիվ «եթե»- ներից: Խոսքը առաջին հերթին հետախուզման մեջ գտնվող 5 անձանց մասին է , որոնց թվին են պատկանում նաեւ Խաչատուր Սուքիասյանն ու Նիկոլ Փաշինյանը:

-         Արդարադատության նախարարն ասաց, որ եթե նրանք ներկայանան մինչեւ հուլիսի 31-ը համաներումը կտարածվի նաեւ նրանց վրա: Ինչպե՞ս դա հասկանալ:

-         Դա չի նշանակում, որ եթե հետախուզման մեջ գտնվողները ներկայանան, նրանց նկատմամաբ անմիջապես համաներում կկիրառեն եւ ազատ կարձակեն, նրանց նկատմամաբ հարուցված քրեական գործերը չեն վերանում: Նախաքննության մարմինը կարող է եւ ընթացք տալ գործերին, սպասել դատարանների վճիռներին, եւ եթե նրանք  5 տարուց ավելի չդատապարտվեն, նոր կարող են սպասել համաներման: Խաչատուր Սուքիասյանի եւ Նիկոլ Փաշինյանի դեպքում իրավիճակն էլ ավելի բարդ է: Նրանք նաեւ որպես կազմակերպիչ են մեղադրվում:

-         Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի համաներման որոշման մեջ նաեւ հետախուզման մեջ գտնվողների մասին նշելը:

-         Իմաստն այն է, որ հետախուզման մեջ գտնվողներին կապիտուլյացիայի են ենթարկում:

-         Իշխանություններն ասում էին եւ պնդում են, որ այս համաներումը Մարտի 1-ի պատրվակով չէ: Դուք ի՞նչ եք կարծում:

-         Այս համաներման միջոցով, փորձ է արվում մարտի 1-2 դեպքերով ազատազրկվածներին ներկայացնել իբրեւ սովորական քրեական հանցագործներ: 

-         Հովիկ Աբրահամյանն այսօր Աժ-ում հայտարարեց, թե ինքը մինչ օրս չգիտի, ովքեր  են ավելի մեղավոր' ազատազրկման մեջ գտնվողները, թե նրանք ովքեր ժողովրդին տարան եւ թեժ մթնոլորտում մենակ թողեցին օրենքի եւ օրինապահների մեջ: Նա թեեւ անուն չտվեց, սակայն նկատի ուներ ազատության մեջ գտնվող ընդդիմության առաջնորդներին:

-         Ես ուրախ եմ, որ Հովիկ Աբրահամյանը  խոսում է իր չիմանալու մասին: Շատ ավելի վատ կլիներ, եթե նա հավատ ընծայեր նախաքննության մարմնի հյուսած մեղադրանքներին եւ պնդեր, որ ընդդիմադիր ակտիվիստները հանցագործներ են եւ հավատար դատախազությանը: Նույնքան անմեղ են ազատության մեջ գտնվող ընդդիմության առաջնորդները, որքան անազատության մեջ գտնվողները: Այլ բան է, որ բոլոր քաղաքական ուժերը' ընդդիմությանից սկսած մինչեւ իշխանությունները, մեղավոր են նրանում, որ չեն կարողացել քաղաքական լուծում տալ ստեղծված իրավիճակում: Այս առումով նրանք բոլորը քաղաքական պատասխանատվություն են կրում, իսկ իրավական առումով' հայտնի է, որ ընդդիմության ոչ մի ղեկավար կամ ակտիվիստ պատասխանատու չէ մարտի 1-ի 10 անմեղ զոհերի եւ այլ ողբերգական իրադարձությունների համար: Գոնե ես' իբրև մարտի 1-ի որոշ հատվածի ականատես ,կարող եմ պնդել, որ Խաչատուր Սուքիասյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին եւ Նիկոլ Փաշինյանին մեղսագրվող մեղադրանքները ուղղակի կեղծ են: Ես տեսել եմ, թե նրանք ինչո՞վ էին զբաղված մարտի 1-ին' Մյասնիկյանի արձանին հարակից տարածքում:   

 Զրուցեց Վիկտորյա Աբրահամյանը: