Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվերջ չեն կարող ձգել

Հարցազրույց

Մեկ տարի առաջ այսօր Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը բավարարեց «Ա1+»-ի հայցը , սակայն մինչ օրս «Ա1+»-ը շարունակում է ապօրինաբար եթերազրկված մնալ:
Մեր զրույցը «Ա1+»` Մելտեքս ՍՊԸ նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ:

-Պարոն Մովսեսյան, ԵԴ վճռից մեկ տարի անց այսօր կատարվա՞ծ է արդյոք Եվրոդատարանի վճիռը:

-Ոչ միայն կատարված չի, այլ անգամ քննարկված չի, որովհետեւ Խորհրդարանը, կառավարությունը , արդարադատության նախարարությունը ընդհանրապես չեն անդրադարձել այդ հարցին, եւ պատկերացում էլ չունեն, թե ինչ որոշում է կայացրել Եվրադատարանը: Ինչպես հասկանում ենք, երկրի ղեկավարությունը աշխատում է ժամանակ ձգելու վրա բոլոր հարցերում` ինչպես ԼՂՀ խնդրի կարգավորման, ներքաղաքական խնդիրների հաղթահարման, քաղբանտարկյալներին ազատ արձակելու, այնպես էլ «Ա1+»-ի հարցում: Բայց ժամանակը հավերժ ձգել հնարավոր չէ, որքան էլ ձգեն, ի վերջո մի տեղից մի բան դուրս գալու է:

-Իսկ ինչքան կարող են ձգձգել որոշման կատարումը` ի հեճուկս Եվրախորհրդի նախարարների կոմիտեի:

-Դրա համար մեծ խելք պետք չի ունենալ, հատկապես որ չունեն էլ, իրենց ուղեղը մի բանով է այսօր զբաղված` իրենց անձնական խնդիրներով, իրենց չի հետաքրքրում ոչ «Ա1+»-ի խնդիրը, ոչ երկրի վիճակը, ոչ էլ այն պարտավորությունները, որոնք չեն կատարում տարիներ շարունակ: Շանտաժների միջոցով, խաբելով ստով որոշել են ժամանակ ձգել: Նրանք ժամանակ կձգեն այնքան ժամանակ, քանի դեռ մեր հանրությունը կամ միջազգային հանրությունը դիմանում է: Բայց հանրությունը հավերժ դիմանալ չի կարող:

-Իսկ հնարավո՞ր է դիմել Եվրոպական դատարան դիմել նոր հայցով այն մասին, որ ՀՀ կառավարությունը չի կատարում եվրոպական դատարանի որոշումը:

-ԵԴ-ն որոշումների կատարմանը հետեւելու ֆունկցիաներ չունի: Բայց մենք դիմել ենք նախարարների կոմիտե, որը հետեւում է ԵԴ որոշման կատարման ընթացքին, եւ ուղարկել ենք Վճռաբեկ դատարանի որոշումը, որով նա մերժել էր «Ա1+»-ի հայցը` ԵԴ որոշման հիման վրա բեկանել ՀՀ առաջին ատյանի դատարանի նախորդ բոլոր 8 որոշումները: Իսկ դա նշանակում էր նոր մրցույթի հայտարարում, որը մերժվեց:
Նախարարների կոմիտեն, ուսումնասիրելով իրավիճակը, որոշել է պահել «Ա1+»-ի հարցը օրակարգում, մինչեւ խնդրի լուծումը: Դա էլ ժամանակի խնդիր է, եթե եվրոպացիները պատրաստ են երկար դիմանալ շանտաժների ու խաբեության, ապա այս խնդիրը դժվար թե լուծում ունենա, բայց ես վստահ եմ, որ խաբելու շրջանը վերջացել է: Կա կոնկրետ երկու հարցադրում` ԼՂՀ խնդրի եւ «Ա1+»-ի շուրջ:

-Իշխանության կարծիքով` ժամանակն աշխատում է իր օգտին, ընդդիմության կարծիքով` իր օգտին, իսկ ձեր կարծիքով, ժամանակն «Ա1+»-ի օգտի՞ն է աշխատում, թե հակառակը:

-Ինձ թվում է, բոլոր պարագաներում` եւ «Ա1+»-ի, եւ իշխանության, եւ ընդդիմության, ժամանակն աշխատում է ժողովրդի օգտին, որովհետեւ որքան խորանա ցավը, այնքան վիրահատական միջամտության անհրաժեշտությունը կմեծանա: Իսկ վիրահատումը անխուսափելի է:

-Ձեր կարծիքով, անցնող մեկ տարվա ընթացքում իշխանությունը հետեւությո՞ւն արեց ԵԴ-ի վճռից:

-Ճիշտն ասած, ես մեկ տարվա ընթացքում իշխանություն չեմ տեսել Հայաստանում, եւ երկրորդ, այս իշխանությունը մի խնդիր ունի եւ հետեւողական այդ խնդիրն է լուծում սեփական մաշկը փրկելու խնդիրը: Բայց չի հաջողվի ոչ մաշկը փրկել, ոչ էլ երկրի վիճակը շտկել այս թիմով, այս ուժերով եւ ղեկավարման իմիտացիայով: Մենք չունենք ղեկավարներ:

-Իսկ լրատվական դաշտում ինչպիսի՞ն է իրավիճակը. Արդյո՞ք մի փոքր ազատություն չի տրվել հեռուստաընկերություններին:

-Ազատությունը հարաբերական հասկացություն է մեր իշխանության համար, ազատությունը իրենց համար իրենց անձնական ազատությունն է, ազատությունն իրենց գործունեության մեջ: Իրենց ալիքներն էլ նույն տիպի ազատություն են ձեռք բերել. ազատ գումարներ են վաստակում, ազատ խաբեությամբ են զբաղվում, ազատ ապատեղեկատվություն են տարածում: