Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ բացառում, որ լինեն հերթական զոհերը»

Հարցազրույց

Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո իրավիճակը այնքան է լարվել, որ ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա:

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների` բախումների հետեւանքով զոհվել է 7 մարդ: Հիշեցնենք, որ նախագահի ընդդիմադիր թեկնածու` Միր-Հուսեյն Մուսավիի կողմնակիցները դուրս են եկել փողոց ` բողոքելով ընտրությունների արդյունքներից:

Համաձայն դրանց` Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հավաքել է ձայների 62 տոկոսը, իսկ նրա մրցակից նախկին վարչապետ Միր-Հուսեյն Մուսավին` 33 տոկոսը:

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ խիստ մտահոգված է Իրանի ներկայիս իրավիճակով: Նա նշել է, որ ղեկավար ընտրելն Իրանի ներքին գործն է, սակայն ճիշտ չէ լռություն պահպանել, երբ բողոքի ակցիաները վերածվում են արյունահեղության:

Իրանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի «Քաղաքական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, իրանագետ Սեւակ Սարուխանյանի հետ:

-Իրանում տեղի ունեցող դեպքերը կարելի՞ է համեմատել Հայաստանում 2008թ. Նախագահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, մասնավորապես մարտի 1-ի դեպքերի հետ:

-Զուգահեռներ չենք կարող անցկացնել. երկու իրավիճակները տարբերվում են:

-Ի՞նչ առումով:

-Իրանում տեղ գտած քաղաքական զարգացումները եւ նախագահական ընտրությունները պայքար էր իշխանական վերնախավը ներկայացնող երկու տարբեր թեւերի միջեւ: Մեզ մոտ անցած տարվա նախագահական ընտրություններին պայքարը գնում էր իշխանության եւ մաքուր ընդդիմության միջեւ, այն դեպքում երբ Իրանում գնում էր բարեփոխիչների եւ գործող նախագահի միջեւ, որոնք այսպես, թե այնպես երկուսն էլ Իրանում համարվում են իշխող: Որպես այդպիսին, Իրանում ընդդիմություն գոյություն չուներ, այդ ընդդիմությունը իրենից ներկայացնում է քաղաքական համակարգի որոշակի ներկայացուցիչների խումբ, որոնք այսօր չունեն այն իշխանական լծակները, որոնք կցանկանային ունենալ:

-Իսկ հասարակությու՞նը:

-Հասարակական առումով զուգահեռներ իհարկե կարելի է տանել, որովհետեւ անցած տարի Հայաստանում եւ այս տարի Իրանում հասարակության մի մասի ակնկալիքները եւ սպասելիքները բավականին ռադիկալացած էին, որոնք էլ եւ Հայաստանում, եւ Իրանում բերեցին փողոցներում բախումների:

-Տարբեր տեղեկություններով` զոհերի թիվը հասել է 7-ի: Դուք հստակ տեղեկություններ ունե՞ք, թե որքան է զոհերի թիվը:

-Երեկ Թեհրանում սպանվել է երկու հոգի մարդ, որում կասկածներ չունեմ: Տվյալներ կան, որ 3 զոհեր են եղել Շիրակ քաղաքում: Ասացին, որ 4 հոգի էլ այլ վայրում է եղել:

-Այդ սպանություններն իրենց ազդեցություն չե՞ն թողնի հասարակության գիտակցության վրա:

-Ազդեցություն կարող է թողնել: Խնդիրը նրանում է, որ այսպես կոչված ընդդիմության ղեկավարը` Միր-Հուսեյն Մուսավին, ցանկություն եւ նպատակ չունի, պատրաստ չէ երկրում իշխանափոխություն կատարելու: Նա հասկանում է, որ փողոցային ճանապարհով չի կարող իշխանությունը փոխել, քանի որ այդ փորձերը իրանական իշխանության կողմից շատ ակտիվ կճնշվեն, ինչը նաեւ կազդի Միր-Հուսեյն Մուսավի ապագայի վրա: Իրանի պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ քաղաքական գործիչներ ձերբակալվել են, դրվել են տնային կալանքի տակ տարիներով: Այդ տեսակետից ինքն էլ լինելով այդ քաղաքական ընտրանու մարդ`երբեք չի գնա իշխանափոխության իրականացման: Ընդհակառակը` երեկ նրա հայտնվելը միտինգին փորձ է ոչ թե ղեկավարել այդ միտինգը, այլ հանգստացնել զանգվածին: Միր-Հուսեյն Մուսավին նրանց առաջնորդը չէ: Ինձ թվում է` մոտակա օրերին Միր-Հուսեյն Մուսավին եւ իշխանությունները ամեն ինչ կանեն, որ փողոցներից մարդկանց տուն տեղափոխեն: Չեմ բացառում, որ առաջիկա օրերն լինեն հերթական զոհեր, որովհետեւ ցուցարարները ծայրահեղական են տրամադրված:

-Իսկ իրանահայերը ի՞նչ դիրքորոշում ունեն. նրանք մասնակցո՞ւմ են բողոքի ակցիաներին:

-Այսօր եմ խոսել տեղի հայկական համայնքի ներկայացուցչի հետ. հայերը հիմնականում պասիվ մասնակցություն ունեն այս ամենին: Նրանք երկու ճակատի են բաժանված` պաշտպանել են թե գործող նախագահին, թե Միր-Հուսեյն Մուսավին: Պաշտպանել են առաջինին, որովհետեւ նրա իշխանության տարիներին հայկական համայնքի նկատմամբ ուշադրությունը բավականին մեծացել է, պետական բյուջեից ֆինանսավորվում էին մշակութային, սպորտային ծրագրեր, դրա համար դրական էին վերաբերվում: Բայց մի մասն էլ` հիմնականում երիտասարդությունը, փոփոխություններ է ակնկալում եւ այդ պատճառով է Միր-Հուսեյն Մուսավին պաշտպանում: Կարող է ներկայացուցիչներ կան միտինգներին, բայց փողոցներում հայկական հոծ զանգված գոյություն չունի: Կարծում եմ` շատ ճիշտ որոշում է:

- ԱՄՆ-ի հետքը տեսնո՞ւմ եք Իրանում տեղի ունեցող գործընթացներում:

-Ես բացառում եմ, որովհետեւ իրանական քաղաքական գործընթացները բավականին անկախ են տեղի ունենում արտաքին ազդակներից, ինչը պայմանավորված է նրանով, որ Իրանը բավականին փակ պետություն է. արտասահմանյան եւ արեւմտյան ներդրումները, քաղաքական-հասարակական կազմակերպությունները եւ այլ աղբյուրներ ներգրավված չեն եւ նրանց ազդեցությունը բավականին ցածր են: Այդ տեսակետից ԱՄՆ-ն չէր կարող տանել այդ կազմակերպչական աշխատանքը նման կարգի քաղաքական ճգնաժամ ստեղծելու համար: Սա մի կողմից հասարակական շարժումն է. հասարակությունը ուզում է փոփոխություններ, մյուս կողմից ընդդիմությունը ներկայացնող Միր-Հուսեյն Մուսավին նպատակ ուներ նախագահական ընտրությունների արդյունքում բարեփոխիչներին բերել իշխանության Իրանում:

-Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Օբամայի հայտարարությունը:

-Բավականին մեղմ հայտարարություն, հաշվի առնելով այն` ինչպիսին այն կարող էր լինել Բուշի վարչակազմի օրոք: ԱՄՆ չի կարող անհանգստություն չհայտնել ,քանի որ իրադարձությունները ընթանում են բավականին ճգնաժամային տարբերակով:

- Չնայած լարված իրավիճակին` Մահմուդ Ահմադինեժադը մեկնեց Եկատերինբուրգ `Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովին մասնակցելու համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ներքին առումով նախագահը ցույց է տալիս, որ իրեն չի անհանգստացնում երկրում տեղի ունեցող իրադարձությունները եւ դրանք վերահսկելի են: Արտաքին տեսակետից նա մեկնել է, որպեսզի արդեն իսկ լեգիտիմացնի իր վերընտրումը Իրանի նախագահի պաշտոնում: Հանդիպելով խոշոր պետությունների ղեկավարների հետ` նա որոշակիորեն միջազգային ճանաչում կտա այն վերընտրմանը, որ ունեցել է:

Զրուցեց Քնարիկ Իսոյանը