Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանի վերաբերմունքը (տեսանյութ)

Քաղաքականություն

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը այսօր իր համախոհների հետ այցելեց եւ ծաղիկներ դրեց Առաջին հանրապետության առաջին վարչապետ Արամ Մանուկյանի շիրմին:

Արամ Մանուկյանը ուղիղ 90 տարի առաջ 40 տարեկան հասակում մահացել է տիֆից: Հայրիկյանն ու նրա ուղեկիցներն այսօր ծաղիկներ դրեցին նաեւ անկախության մարտիկներ Հայկազ Խաչատրյանի եւ Մովսես Գեորգիսյանի շիրիմներին:

«Որպես ազգ մենք ավելի մեծ ակնկալիքներ պարտավոր ենք ունենալ` հասկանալով մեր պատմությունը, մեր հսկայական ներուժը, որը ինչ-որ չափով այսօր քամուն է տրված: Այս օրը` մայիսի 28-ը, մեզ պարտավորեցնում է նոր հայացքով նայել երեւույթներին»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

Օգտվելով առիթից` «Ա1+»-ը հետաքրքրվեց` ինչպե՞ս է Պարույր Հայրիկյանը գնահատում Երեւանի քաղաքապետի ընտրությունները:

«Եթե ես նախագահի ընտրությունները համարում էի իմ նահանգում տեղի ունեցող գյուղապետի ընտրություն, ապա պատկերացրեք, ինչպիսին է վերաբերմունքս պարզ ավագանու ընտրությունների: Շատ ուրախ եմ, որ կա այդ ընտրության հնարավորությունը, որ պայքարում են, մի քիչ էլ սուր են իրար դեմ պայքարում, հակասություն են դրսեւորում, բայց դա ազգային քաղաքական կյանքի տեսակետից էական բան լինել չի կարող»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ հակասություններին, ապա Հայրիկյանն այդ գնահատում է` փոթորիկ մի բաժակ ջրում: