Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գայլերից վախեցողը անտառ չի մտնի»

Հարցազրույց

«Ա1+»-ը միշտ աչքի է ընկել նորամուծություններով` տարածաշրջանում առաջինն ունեցավ 24 ժամյա եթեր, առաջինը սկսեց լուրերը թարմացնել 2 ժամը մեկ, առաջինը լուսաբանեց ընտրությունները ուղիղ եթերում, եւ այլն:


Այսօր կրկին նորամուծություն է արվել. Հայաստանում առաջին անգամ «Ա1+»-ը առաջարկում է տեսալուրեր բջջային հեռախոսում: Մեր զրույցը «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ:

-Նոր տեխնոլոգիաները չեն շրջանցում Հայաստանը, դրանց զարգացումն ակնառու է ամեն քայլափոխի, նաեւ լրատվության ասպարեզում: 2002 թվականից, ինչ «Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկվեց, սկսեցինք կիրառել նոր տեխնոլոգիաներ, նոր հնարավորություններ` ինֆորմացիա տարածելու, որովհետեւ այն վակուումը, որ ուզում էին ստեղծել Հայաստանում, մենք գիտակցում էինք, որ ունենալու է վատ հետեւանքներ: Կիսով չափ վակուումը տեսեք, թե ինչի բերեց. մի ազգ ենք, որը բաժանվել է մի 20 մասի, եւ այդ 20-ն էլ իրարից ինչ-որ պահանջներ ունեն: Դրա պատճառն այն է, որ իրական տեղեկատվություն Հայաստանում բացակայում է, այն, ինչ անկախ ԶԼՄ-ները, թերթերն են մատուցում` շատ քիչ է, եւ չունի այն հզորությունը, որը պետականորեն սարքվել է ու ճնշում է գաղափարախոսությունը: Մենք ազգովի իսպառ կորցրել են դեռեւս չսրբագրված մեր գաղափարախոսությունը, հենց այն պատճառով, որ չենք նպաստել իրական ինֆորմացիայի զարգացմանը եւ նրա տարածման ձեւերին, մոռացել ենք մեր աշխատանքի իրական նպատակը: Առաջնային է գաղափարախոսությունը, հետո միայն բիզնեսը. այսօր հակառակն է արվում եւ այդ ամենի համար «շնորհակալ ենք» մեր ղեկավարներին:
Այն, ինչ մենք անում ենք այսօր, իսկապես, նորույթ է Հայաստանում, առաջինը մենք ենք փորձարկում այս մեթոդը եւ պիտի ասեմ, որ բավականին մեծ արձագանք գտավ. առանց մեծ գովազդի մենք այսօր ունենք շատ բաժանորդներ, ինչպես նաեւ մշտական, որոնք ամենօրյա թողարկումներին միանում եւ դիտում են մեր նորությունները:

-Ֆիանանսատնտեսական ճգնաժամի պայմաններում արդյո՞ք թանկ չէ 300 դրամը, որ բաժանորդը պետք է ամեն անգամ վճարի, լուրերը դիտելու համար:

-Ճգնաժամի պարագայում, մանավանդ մեր երկրում, իսկապես բավականին թանկ է, մենք գիտակցում ենք եւ աշխատանքներ տարվում են էժանացնելու ուղղությամբ: Օրերի խնդիր է, շուտով գինն ավելի մատչելի կլինի, թեկուզ ի վնաս մեզ, եւ սա կարծում եմ բաժանորդների մեծ ալիք կբերի, իսկ շուտով տեսանորություններից բացի կառաջարկենք ձայնային նորություններ` նույն տրամաբանությամբ, նույն բջջայինի վրա, որը շատ ավելի մատչելի կլինի, քան տեսանորությունները եւ վստահ եմ, որ այդտեղ էլ կունենանք մեր ունկնդիրները:

-Իսկ արդյոք հնարավո՞ր է 1 րոպեում զետեղել լուրերի ամբողջ սպեկտորը:

-Մենք 1 րոպե ենք սահմանել, ելնելով մի հանգամանքից, որ զանգահարողի համար ավելի մատչելի լինի, որովհետեւ այն մեգաբայթերը, որ պետք է քաշվի յուրաքանչյուր րոպեն դիտելու համար, բավականին թանկ է վաճառում օպերատորները բաժանորդներին: Դրա համար մենք աշխատում ենք ինչքան հնարավոր է քիչ կիլոբայթերի հնարավորություն տանք: Բայց մոտակա ժամանակաշրջանում մենք նպատակ ունենք ընդլայնել մեր գործունեություն այս ասպարեզում. ուզում ենք հասցնել «Ա1+»-ի սկբունքին` 2 ժամը մեկ թարմ նորություններ մատուցելու սկզբունքին: Դա էլ մինչեւ այս տարեվերջ կհասցնենք:

-Նորությունները չե՞ն կրկնվում:

-Հնարավորինս պետք է չկրկնել, բայց կարեւորագույն նորությունները իհարկե կրկնություն կգտնեն, որ մինչեւ վերջ տեղ հասնեն դիտողների ավելի մեծ շրջանակի, նույնը կլինի նաեւ աուդիոտեղեկատվության տարածման առումով, այդ դեպքում մտադրություն ունենք 30 րոպեն մեկ թարմացնել լուրերի թողարկումները:Այսքանը մեր պլանների մեջ է եւ հուսով ենք կհասցնենք:

-Որպես կանոն, «Ա1+»-ի գործունեությունը խոչընդոտում են, նախադեպեր են եղել, որ տեսաերիզներ են վերցրել, տեսախցիկ են կոտրել: Հիմա որքանով է պաշտպանված այս նոր համակարգը ասենք հակերային հարձակումներից:

-Գիտեք, ռուսական լավ ասացվածք կա. «Գայլերից վախեցողը անտառ չի մտնի». ասեմ, որ մենք գայլերից չենք վախենում, այնպես պետք է անենք, որ մեր` անտառ մտնելուց գայլերը վախենան:
Մենք վստահ մտնում ենք անտառ, որպեսզի օգտվենք անտառի բոլոր բարիքներից: