Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանկարծ պտտվեցին եւ սկսեցին խփել»

Հասարակություն

Երկու օր հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանը հաղորդում չի վարի:
Գիշերային միջադեպից հետո նա հանգստի կարիք ունի, թեեւ ինքնազգացողությունը, իր բառերով, լավ է:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 00,02-ին, Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց, երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել նրան եւ փախուստի դիմել:
«Շանթ»-ի հաղորդավարը «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է պատահել գիշերը:

«Մեքենան ավտոտնակում կանգնեցնելուց հետո գալիս էի տուն, շենքի անկյունից նկատեցի նրանց, մուտքի մոտ երկուսով դեմ դիմաց կանգնած էին, շշնջում էին, ինչ-որ բան էին խոսում: Ինչ-որ բան կանխազգացի, հեռախոսը հանեցի, որ զանգեմ տղայիս, ինքը սովորաբար այդ ժամին տանն է լինում: Կանգնեցի: Հեռախոսն էի ուզում միացնեի` զանգը գնա, առանց որեւէ բառ ասելու, շրջվեցին եւ խփեցին, գցեցին գետնին: Բղավում էի, տղայիս էի կանչում, այդ ժամանակ հարեւանները շատ արագ արձագանքեցին, ինչը մեծ դեր խաղաց, որ շուտ փախչեն»,- «Ա1+»-ին ասաց Նվեր Մնացականյանը:

Ըստ նրա նկարագրության` այդ տղաները եղել են ատլետիկ կազմվածքով, գլխարկներով:

Նվեր Մնացականյանն ասաց, որ փաստը կապում է իր մասնագիտական գործունեության հետ, որովհետեւ այլ գործունեություն չունի: «Ա1+»-ի այն հարցին, թե չի կապում արդյոք վերջին օրերին ծավալվող Գագիկ Ծառուկյան-Ահարոն Ադիբեկյան բանավեճի հետ, նա ասաց. «Որեւէ բանի հետ չեմ կապում: Այնքան այդպիսի բաներ են լինում: Այդպիսի ամեն մի պատմությունը, որ սրանով ավարտվի, պատկերացնո՞ւմ եք»:

Նկարները` Գագիկ Շամշյանի