Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Քեմալից Էրդողան ոչինչ չի փոխվել"

Հարցազրույց


Աշխարհաքաղաքական
հիմնախնդիրների ռուսաստանյան ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս, քաղաքագետ Արայիկ Սարգսյանը պատասխանում է «Ա1+»-ի հարցերին

-Ձեր կարծիքով հայ-թուրքական սահմանի բացումն այս տարի հնարավո՞ր է:

-Իրականում վաղուց բացված է հայ-թուրքական սահմանը, օդային սահմանը բա՞ց է: Այո: 21-րդ դարում ի՞նչ է նշանակում սահման. Ֆինանսների հոսք գոյություն ունի՞, այո: Մարդկանց, աշխատուժի տեղաշարժ կա՞. կա: Օբամայի ներկայությամբ Գյուլը 2 անգամ ավել թիվ ասաց' 70 հազար հայաստանցի է աշխատում Թուրքիայում, իրականում 30 հազար, ոչ ավելի: Ինֆորմացիոն, տեղեկատվական հոսքեր կա՞ն: Կան: Միակ բանը, որ փակ է' ցամաքային սահմանն է, ընդ որում առաջին հերթին խոսքը Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման մասին է: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի թելադրանքով է սկսվել հայ-թուրքական գաղտնի բանակցությունները Ժնեւում, դեռեւս 2007 թվականի սեպտեմբերին' Վարդան Օսկանյանի օրոք: Այդ օրվանից սկսված գործընթացը փակ-գաղտնի էր, ինչը շատ տարօրինակ է, որովհետեւ դա ինչ-որ գործարանի արժեթղթերի վաճառք չէր, որը փակ-գաղտնի լիներ, սա ամբողջ ժողովրդի, պատմության, կորուստների, ներկայի խնդիր է, եւ մենք պարտավոր ենք տեղեկացված լինել: Ցամաքային հատվածի' երկաթուղու բացում ինչո՞ւ են պահանջում: Սովորաբար, երկաթուղով տեղափոխում են ծանր ռազմական տեխնիկա: Հայ-թուրքական ապրանքաշրջանառությունը անցած տարվա տվյալներով 350 մլն դոլար է կազմել, իսկ դրա համար երկաթուղի չեն բացում, դա մի 15 էշալոն շարժակազմ է, խոսքը վերաբերում է ռազմական տեխնիկայի հնարավոր տեղաշարժին' դեպի Հարավային Կովկաս, դեպի Իրան' հնարավոր ռազմական գործողությունների սկսման պարագայում Ամերիկա-Իրան հակամարտության դեպքում, որովհետեւ ոչ ոք չի երաշխավորել, որ Օբամայի հայտարարած ամերիկա-իրանյան ջերմությունը իրականություն կդառնա: Շատ հնարավոր է նաեւ ռազմական տեխնիկայի տեղափոխում միջին Ասիա, այնտեղից' Աֆղանստան. Հայտնի է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցությունները' Ռուսաստանի տարածքը ՆԱՏՕ-ին տրամադրելու /երկաթուղային հատվածի մասին է խոսքը/, դեռ հարցականի տակ է' հաշվի առնելով մայիսի 6-ից հունիսի 12-ը Վրաստանում սպասվող զորավարժությունները,ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ նրան կից մասնակիցների միջեւ: Ուզում եմ ասել, որ հայ-թուրքական սահմանի բացման խնդիրն այսօր հրատապ չի:

-Իսկ երկաթուղու բացումն ո՞ւմ շահերից է բխում:

-ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների, որի գլխավոր կենտրոնակայանը տարածաշրջանում գտնվում է Թուրքիայում, որը 1952 թվականից ՆԱՏՕ-ի անդամ է:

-Այսօր շատ է խոսվում այն մասին, որ 21-րդ դարում պատերազմի հնարավորությունը շատ փոքր է, պատերազմներով հարցեր չեն լուծվում: Համամի՞տ եք այս կարծիքի հետ:

-Մի քանի տարի աշխատել եմ Իրաքում: Հստակ ասում եմ. 21-րդ դարում նախագահներ են կախաղաններ հանվում առանց դատ ու դատաստանի: 21-րդ դարում ՆԱՏՕ-ի անդամ երկրները' ԱՄՆ-ի գլխավորությամբ, Իրաքում կոտորել են 1 միլիոնից ավել խաղաղ բնակիչ. փնտրում էին զանգվածային ոչնչացման զենք' նախապես իմանալով, որ չկա: Այսինքն, 21-րդ դարում ասել, որ պատերազմներ չեն լինելու, ռազմական ներխուժում չի լինելու, ավանտյուրա չի լինելու' ծիծաղելի է:

Ես մասնակցել եմ արցախյան պատերազմին.1993 թվականի հոկտեմբերին թուրքական ցամաքային 10-րդ բանակը կանգնած էր Գյումրիում եւ պատրաստ էր ներխուժել Հայաստան' կամ Շարուրի հատվածով, կամ Նախիջեւանի: Ընդ որում, որոշված էր, որ պետք է մտնեին Երեւան: Դա 1993 թվականին էր, ընդամենը 16 տարի առաջ, մի մոռացեք:

-Այսինքն, սահմանի բացումը ռազմական վտա՞նգ է ներկայացնում Հայաստանի համար:

-Այո, ռազմական առումով Հայաստանը դառնում է խոցելի' եւ հետախուզության, եւ ռազմական գործողությունների վերսկսման առումով. որովհետեւ դրանից հետո շատ հեշտ կլինի Հայաստանին թելադրել Ղարաբաղում զիջումների գնալ, որովհետեւ արդեն բաց է, պատկերացնո՞ւմ եք տարածաշրջանում 18 մլն թուրք, քուրդ, ազերիներ կան. դուք պատկերացնո՞ւմ եք ազատ տեղաշարժի դեպքում դեմոգրաֆիական ինչպիսի վտանգի առջեւ է կանգնելու Հայաստանը. ՀՀ ազգային անվտանգությունը, մաքսային ծառայությունն արդյո՞ք այդքան լծակներ ունեն վերահսկողության տակ պահելու իրավիճակը: Չմոռանանք նաեւ ատոմակայանի մասին, որը Մարգարայի կամրջից ընդամենը 15 կմ վրա է: Ո՞վ է պատասխան տալու ատոմակայանի դեմ հնարավոր ահաբեկչության դեպքում:

-Տնտեսական առումով շահավետ չի՞ Թուրքիայի հետ սահմանի բացումը:

-Ոչ:

-Ինչո՞ւ:

-Ես ասացի, որ Հայաստանը Թուրքիայից ներկրել է 350 մլն դոլարի ապրանք. Դա նշանակում է' Հայաստանը Թուրքիայի տնտեսության մեջ ինվեստիցիա է արել 350 մլն-ի, մենք խթանել ենք նրանց տնտեսության աշխատանքների շարունակականությանը, զարգացմանը' ճգնաժամի պայմաններում: Հիմա ու՞մ համար է շահավետ հայ-թուրքական սահմանի բացումը: Միանշանակ Թուրքիայի:

Գյուղմթերքների, պարենային մթերքների գները Հայաստանում բարձր են, բացի մսի գնից: Սահմանի բացման դեպքում մեր բոլոր հիմնական գործարանները փակվելու են, որովհետեւ տնտեսապես արդարացված չի լինի նրանց հետագա գործունեությունը, մենք չենք դիմանա գների մրցակցությանը:

-Բայց Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գործարարների հետ խոսել է, եւ նրանք վստահեցրել են, թե որեւէ վտանգ չկա, եւ մեր տնտեսությունը կդիմանա մրցակցությանը:

-Ես չեմ ցանկանում մեկնաբանել որեւէ մեկի հայտարարությունները, ես պատասխանում եմ իմ' տնտեսագիտության դոկտորի վերլուծության վրա հիմնվելով:

-ԼՂՀ հարցում սահմանի բացումն ի՞նչ վտանգներ է պարունակում:

-Ցամաքային սահմանի բացումը ամենաուշը 5-7 տարիների ընթացքում բերելու է Հայաստանի ռազմաքաղաքական միավորի լիկվիդացմանը, որովհետեւ սահմանի բացումից անմիջապես հետո արեւմտյան երկրները պահանջելու են Ռուսաստանից ռուսական բազայի դուրսբերում Հայաստանից' այն պարզ պատրվակով, որ ասելու են, քանի որ հայ-թուրքական ջերմություն կա, հարաբերությունները բարելավված են' այդ երկաթյա վարագույրը պետք է հանվի: Ես հասկանում եմ' ուր է գնում խնդիրը: Մենք' դյուրահավատ հայերս, ուղղակի մոռանում ենք 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում կատարված ցեղասպանությունը. Մենք առաջին հերթին պետք է պահանջենք ցեղասպանության ճանաչում, հետո միայն կարելի է խոսել մնացած բաների մասին:

Ինձ համար ցավալին այն է, որ Հայաստանի եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը տարօրինակ ձեւով, բայց շատ լրջորեն գտնվում են օտարերկրյա շատ գաղտնի ծառայությունների, օթյակների հսկողության տակ: Ես սա ցավով եմ ասում, Հայաստանում քաղաքական որոշում կայացնողներն ովքե՞ր են. արդյո՞ք ՀՀ գլխավոր շտաբը կամ ՀՀ ԱԺ-ն է որոշում Հայաստանի զարգացման հեռանկարները, ո՞վ է որոշել գաղտնի բանակցություններ սկսել Թուրքիայի հետ:

Հայաստանում չկան լուրջ վերլուծություններ ոչ էկոնոմիկայի նախարարությունում, ոչ գյուղնախարարությունում, ոչ հարկային տեսչությունում, ոչ պաշտպանության ու ֆինանսաների նախարարությունում: Ի՞նչ հետեւանքներ են լինելու' ոչ ոք չի պատկերացնում: Մի 4 տղա ու աղջիկ ԱԳՆ-ից հավաքվել են Շվեյցարիայում ու խոսել են. բա չիմանա՞նք էդ մտքի տիտաններն ովքեր են եղել ԱԳՆ-ում, որ մենք խաբար չենք: Ուզել են բանակցությունները գաղտնի լինի, քավ լիցի, բայց խնդիրը պետք է դրվեր նաեւ հասարակական կառույցների, ինստիտուտների քննարկմանը:

Դուք ծանո՞թ եք 2003 թվականի հուլիսի 12-ի Թուրքիայի կառավարության թիվ 2644 որոշմանը: Այ, երբ տեղյակ լինեն ՀՀ պաշտոնյաները եւ հասարակությունը, դրանից հետո կհասկանաn, որ իրականում Թուրքիայի քաղաքականությունը' օսմանյան կայսրությունից Սուլթան Համիդից սկսած Քեմալով ու Էրդողանով վերջացրած չի փոխվել: