Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի նախագահ. «Ստով երկիր չեն կառուցում» (տեսանյութ)

Հարցազրույց

«Վախի մթնոլորտում օբյեկտիվ լրատվությունը բացակայում է: Վախի մթնոլորտում, ստով երկիր չեն կառուցում»,- գտնում է «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:

Ուղիղ 7 տարի առաջ այսօր` ապրիլի 2-ին իշխանությունները որոշեցին եթերազրկել «Ա1+» հեռուստաընկերությունը:
7 տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել ՀՀ լրատվական դաշտում եւ «Ա1+»-ի կյանքում: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանում է «Մելտեքս» ՍՊԸ` «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:

- 7 տարի առաջ «Ա1+»-ին եթերազրկելով` Հայաստանի հեռուստատեսային դաշտում հիմք դրվեց վախի մթնոլորտին, որը մինչ օրս զարգացնում եւ խորացնում են: Այս իրավիճակում եթերում օբյեկտիվ լրատվությունը բացառվում է: Ինչ վերաբերում է «Ա1+»-ին, ապա եթերազրկելուց հետո էլ մենք ապացուցեցինք, թե ինչպես պետք է աշխատել լրատվության այլ ոլորտներում` իբրեւ լրատվական գործակալություն եւ ինտերնետային կայք: Այս տարիների ընթացքում «Ա1+»-ի ամենամեծ հաղթանակը ես համարում իր սկզբունքներին եւ աշխատաոճին հավատարիմ մնալը, ապացուցելը, որ մենք ցանկանում ենք ունենալ նորմալ երկիր, որ սա մեր երկիրն է:

- Դուք երկիր սիրելով` վեր եք հանում բոլոր բացասական երեւույթները: Մյուս լրատվամիջոցները կարծում են, որ երկիրը սիրելու դեպքում միայն «բարի» լուրեր պետք է հաղորդել, մարդկանց ոգեւորել: 2002թ. առաջին անգամ մրցույթով «Ա1+»-ին եթերազրկելով` հենց այդպես էլ ասացին, որ «բարի» լուրեր չեք հաղորդում:

- Ավելի մեծ տգիտություն երբեւէ չեմ լսել: Լուրը բարի կամ չար չի լինում: Այն լինում է իրականությանը համապատասխան կամ ոչ համապատասխան: «Ա1+»-ի խնդիրը եղել եւ մնում է ժողովրդին իրականությունը ներկայացնելը, այլ խնդիր է, որ իշխանությունները չեն կարողանում հանդուրժել իրականությունը, որը իրենք են ստեղծել:

- «Ա1+»-ի կարգախոսն է` «Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ»: Ինչո՞ւ այս կարգախոսը չընդունվեց իշխանությունների կողմից:

- Մենք բոլորին, այդ թվում իշխանություններին ներկայացնում էինք այնպիսին, ինչպիսին նրանք իրականում էին: Պարզապես իշխանությունները չկարողացան իրենք իրենց հանդուրժել: Եւ դա նրանց խնդիրն է: Իշխանությունները եթերազրկեցին «Ա1+»-ը` իրենց ապաշնորհությունը, տգիտությունը, փնթիությունը քողարկելու համար: Եթե ես այսօր որպես ՀՀ քաղաքացի նայում եմ բոլոր հեռուստաընկերությունների լուրերը եւ տեսնում եմ, որ իրենց ներկայացրած երկիրը որեւէ կապ չունի այն երկրի հետ, որտեղ ես ապրում եմ, եւ այդ սուտը ինձ մոտ միայն մեկ ցանկություն է առաջացնում` փախչել այս երկրից, ուրեմն այդ լուրերը «բարի» չեն նույնիսկ իրենց չափանիշներով, ուրեմն` այս երկրում ինչ-որ բան այն չէ: Ի տարբերություն այս իշխանությունների` ես այս երկրում օտար տարր չեմ, ես սիրում եմ իմ երկիրը` եւ հանուն դրա շարունակում եմ աշխատել այս պայմաններում:

- 2002թ-ին, երբ «Ա1+»-ը եթերազրկվեց, շատերն այն գնահատեցին իրավիճակային քաղաքական լուծում: Այս իրավիճակը շարունակվում է 7 տարի: Ի՞նչ խնդիր են լուծում իշխանություններն այսօր` «Ա1+»-ին եթեր չվերադարձնելով:

- Առաջին հերթին` պահպանել երկրում ստեղծված վախի մթնոլորտը, շարունակել վերահսկողության տակ պահել հեռարձակվող բոլոր ԶԼՄ-ները եւ երկրորդ` ՀՀ-ում վերացնել լրագրություն մասնագիտությունը: Դրա վերջնական նպատակը մեր երկիրը աշխարհից մեկուսացնելն ու վերջնականապես անդունդը գցելն է` բոլորին կառավարելի եւ կամակատար ստրուկներ դարձնելու համար:


- «Ա1+»-ի եթերազրկումից հետո սկսեցիք գործել որպես լրատվական գործակալություն: Համակերպվե՞լ եք այն մտքի հետ, որ այլեւս եթերում չեք լինելու;

- Իհարկե, այդ մտքի հետ չենք համակերպվել: Ես վստահ եմ , որ «Ա1+»-ին վերադարձնելու են իր եթերը: Անկախ ամեն ինչից, ես ավելի կարևորում եմ ոչ թե լրատվության մեջ ոլորտները, այլ` աշխատաոճը: Ես համոզված եմ, որ իմ թիմը անկախ լրատվության ոլորտից` լինի եթեր, գործակալություն, մամուլ, միշտ կաշխատի նույն սկզբունքով եւ ոճով: Ինձ համար կարեւորը դա է: Եթե նույնիսկ այսօր զրկվենք ինտերնետային կայքից, մենք միշտ էլ հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու ձեւեր եւ միջոցներ կգտնենք: Կարեւոր մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ լինելն է; Տրեխներով մանրահատակի վրա երկար չեն կարող քայլել, ինչպես փորձում են անել այս իշխանությունները: Ես շատ հարգում եմ տրեխավորներին, երբ նրանք իրենց համապատասխան վայրում են, այլ վայրում նրանց չեմ ընկալում, ծիծաղելի են:


- Եթե «Ա1+»-ը փոխեր իր աշխատաոճը, այսօր եթերում կլինե՞ր, իշխանությունները կներեի՞ն Ձեզ` իրենց գործունեությունն այդքան օբյեկտիվ ներկայացնելու համար:

- Ես չեմ կարծում, որ իշխանությունները պետք է ինձ եւ իմ թիմին ներեն: Այդ «Ա1+»-ը պետք է մտածի նրանց ներել-չներելու մասին: Ես որեւէ մեղք չեմ գործել, «Ա1+»-ը աշխատել եւ աշխատում է միայն հասարակության, մեր երկրի համար, որովհետեւ ուզում ենք ապրել նորմալ երկրում, ես ուզում եմ իմ երեխաներին նորմալ երկիր թողնել:


- Դուք հույս ունե՞ք, որ «Ա1+»-ին կվերադարձնեն եթեր, սակայն վերջերս «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն մինչեւ 2011թ. ՀՀ-ում մրցույթներ չեն անցկացվելու: Այսինքն, մինչեւ 2011թ «Ա1+»-ը չի կարող եթեր ստանալ:


- Մրցույթ կլինի, քանի որ այդ փոփոխությունը հնարավոր չէ կյանքի կոչել մի քանի պատճառներով. մինչեւ 2011թ. հնարավոր չէ հեռուստաեթերը թվայնացնել, նման գումարներ գոյություն չունեն, այսօր մեր երկիրը իրեն նման ճոխություն ի վիճակի չէ թույլ տալ: Միայն օրենք ընդունելով` դաշտը չեն կարող թվայնացնել, դրա համար լուրջ ուղեղներ եւ գումարներ են անհրաժեշտ, ինչը չկա: Բոլորի համար էլ պարզ է, որ այդ օրենքը ընդունվեց միայն «Ա1+»-ի վերադարձը եթեր ձգձգելու համար, սակայն այդ ձգձգման գործընթացը չի կարող անվերջ լինել: Իշխանությունները կարծում են, որ եթե այսօր «Ա1+»-ին վերադարձնեն եթեր, ժողովրդի դժգոհության ալիքը ավելի կբարձրանա, սակայն նրանք չեն գիտակցում, որ եթերազուրկ «Ա1+»-ը ավելի է նպաստում երկրում դժգոհության ալիքի բորբոքմանը:

- Իշխանությունները «Ա1+»-ին համարում են ընդդիմադիր եւ ընդունում են, որ խոսափողից զրկել են ընդդիմությանը:


- Ես կտրականապես դեմ եմ այդ մոտեցմանը: Իշխանությունների տրամաբանությունը վկայում է, որ բացի «Ա1+»-ից բոլոր հեռուստաընկերությունները իրենց խոսափողն են: Իսկ որ ընդդիմությանը զրկել են եթերից, իրոք, այդպես է: «Ա1+»-ը եթեր էր տալիս բոլորին, ինչպես ընդդիմությանը, այնպես էլ իշխանություններին: Մեր խնդիրը բոլորի տեսակետները ժողովրդին հասցնելն էր, իսկ որոշում կայացնողը ժողովուրդն է: Նորից եմ ընդգծում` լրատվամիջոցը չի կարող իշխանամետ կամ ընդդիմադիր լինել: Այդ սկզբունքով նրանք առաջնորդվեցին 2002թ.-ին, եւ այսօր լրատվական դաշտում մենք ունենք այն, ինչ ունենք: Երբ ընդամենը մեկ տարի առաջ մարտի 1-ին Երեւանի կենտրոնում մարդկանց էին սպանում, այդ պահին մեր հեռուստաընկերությունները ամերիկյան մարտաֆիլմեր էին ցուցադրում, եւ դա նշանակում է, որ մեր երկիրը անտեր է, ղեկավար չունի եւ համակարգային փոփոխություններ են պահանջվում: Այս իշխանություններն այլեւս չեն տիրապետում երկրում տիրող իրավիճակին, եւ նրանց հեռանալու ժամանակն է:

Զրուցեց Վիկտորյա Աբրահամյանը