Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուսանկարները պատմում են Հայաստանի մասին

Պաշտոնական

    Կորդոբա նահանգի խորհրդարանի Ռեխինո Մադերս սրահում բացվել է բրազիլահայ տաղանդավոր ճարտարապետ ու լուսանկարիչ Ստեփան Նորայր Շահինյանի ՙԷքսպոԱրմենիա՚ խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:

Հայաստանին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կատարել են Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Կորդոբայի խորհրդարանի փոխնախագահ Ֆրանսիսկո Ֆորտունան: Ներկաների թվում էին նահանգային խորհրդարանի անդամներ, կորդոբահայ համայնքային կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային գործիչներ, լրագրողներ:

Միջոցառմանը նախորդել է Հայաստանի դեսպանի եւ Կորդոբայի խորհրդարանի փոխխոսնակի միջեւ կայացած գործնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Կորդոբա նահանգի եւ Հայաստանի միջեւ տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Համաձայնություն է ձեռք բերվել մոտ ապագայում արգենտինյան այդ նահանգի, ուր բնակվում են մոտ 8 հազար հայեր, եւ հայաստանյան մարզերից մեկի միջեւ եղբայրական կապեր հաստատել:

Ցուցահանդեսների շարքը նախաձեռնվել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ մասնաճյուղի վարչության կողմից՝ ՙՌիթեքս՚ ընկերության ֆինանսական աջակցությամբ եւ հովանավորվում է Արգենտինայում Հայաստանի դեսպանության կողմից:

Հայաստանի մասին պատմող լուսանկարների առաջին ցուցադրությունը կայացել է 2009թ. սկզբին Բուենոս Այրեսի ՀԲԸՄ մասնաճյուղի Սարգիս Բենկլյան սրահում: Կորդոբայում մեկշաբաթյա ցուցադրումից հետո, ՙԷքսպոԱրմենիա՚-ն կներկայացվի Մար դել Պլատայում, Նեուկենում, Ռիո Նեգրոյում, Չիպոլետտիում, Միսիոնեսում եւ այլ հայաբնակ բնակավայրերում: