Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չստորագրել Բեգլարյանի օգտի՞ն

Քաղաքականություն

Երեւանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ տրամադրվել են «100 տոկոսանոց ցուցակներ»: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, դրանք պետք է լրացվեն' ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օգտին:

«Բացի այդ մեզ նաեւ սպառնացել են, որ եթե այդ ցուցակները անձնագրային եւ այլ տվյալներով լրացված ետ չվերադարձնենք, կզրկվենք աշխատանքից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի աշխատակից, ով հասկանալի պատճառներով խնդրեց իր անունը չհրապարակել:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ քաղաքապետարանի աշխատակիցները մասնավորապես պետք է «100 տոկոսանոց ցուցակները» բաժանեն թաղապետարանի աշխատակիցներին, որոնք եւս պետք է ամեն ինչ անեն Բեգլարյանի համար ձայներ ապահովելու համար:

«Տեսեք, ցուցակի վերին հատվածում գրված «գլխավոր պատասխանատու» տողում պետք է ներկայանա քաղաքապետարանի աշխատակիցը: Երրրորդ'տողում «պատասխանատու» բառի դիմաց պետք է գրվի արդեն թաղապետարանի աշխատակցի, իսկ ցուցակի վերին հատվածում նաեւ համայնքի անունը: Այս աշխատանքի համար մեզ չեն վարձատրելու»,- ասաց քաղաքապետարանի աշխատակիցը:

Ի դեպ, երբ երկու օր առաջ «Ա1+»-ը հրապարակել էր «100 տոկոսանոց ցուցակի» մասին տեղեկատվություն, ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդվարդ Շարմազանովն ասել էր.

«Կարծում եմ, ցուցակների մասին այդ տեղեկատվությունն իրականության հետ որեւէ կապ չունի. երեւում են հակաքարոզչության տարրեր ՀՀԿ-ի դեմ: Գտնում եմ, որ կոռեկտ չէ առանց անուններ հրապարակելու մեղադրանքներ ներկայացնելը: Սա հակաքարոզչության մի ձեւ է. կարող էր ինչ-որ մեկը տները մտնել՝ ասել, թե ես ՀՀԿ-ից եմ, ընտրեք Գագիկ Բեգլարյանին»:

 

Այսօրվա տեղեկատվությունը հրապարակելուց առաջ «Ա1+»-ը զանգահարեց Էդվարդ Շարմազանովին:

 

«Հանրապետականը մշտապես հայտարարել է, որ ինքը օրինական, քաղաքակիրթ, ժողովրդավարական ընտրությունների կողմնակից է եւ ընտրությունների քարոզարշավը կիրականացնի օրենքով սահմանված կարգով' մայիսի 2-ից: Այլ բան հայտարարել ես չեմ կարող»,-«Ա1+»-ի մեկնաբանելու խնդրանքին պատասխանեց Էդվարդ Շարմազանովը: Նա նաեւ խորհուրդ տվեց. «Քաղաքապետարանը պետական հիմնարկ է եւ ճիշտ կլինի դիմել քաղաքապետարանին»:

Երբ հիշեցրինք, որ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ-ական է եւ գլխավորում է ՀՀԿ-ի ցուցակը, Էդվարդ Շարմազանովը պատասխանեց. «Եթե տվյալ դեպքը պետական հիմնարկում է եղել, կարծում եմ ճիշտ կլինի մեկնաբանությունները տան իրենք: Մենք օրինական քարոզարշավ դեռ չենք սկսել, իսկ ցանկացած հակաօրինական մեթոդ քաղաքակիրթ չէ, դրա համար կա դատական իշխանություն»:

Իսկ հարցին, թե արդյո՞ք կարելի է հայտարարել ի լուր աշխարհի, որ ցուցակներով տներում շրջող եւ ստորագրություն հավաքողները սադրիչներ են, եւ կոչ արվի քաղաքացիներին, որ պետք չէ նրանց տալ անձնական տվյալներ, հստակ պատասխան չտրվեց:

Ի դեպ, երբ Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետին խնդրեցինք պարզաբանել«100 տոկոսանոց ցուցակներ»-ի փաստը, եղավ այսպիսի պատասխան. «Ես սադրիչներ չեմ կարող ասել, բայց այդ չի համապատասխանում իրականությանը»: