Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2001Թ-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ

Քաղաքականություն

- Վենետիկի հանձնաժողովը ինչպե՞ս է գնահատել ներկայացված նախագծերը:

-Չի կարելի ասել դրական կամ բացասական, քանզի Վենետիկի հանձնաժողովը եվրոպական կառույց է եւ բավականին դիվանագիտական լեզվով է խոսում: Բայց եթե դիվանագիտությունը մի կողմ ենք դնում եւ նայում ենք ըստ բովանդակության, ապա հանձնաժողովը մի բան է ասում՝ 2001թ-ից հետո ներկայացված նախագծերը բարելավում չեն, սահմանադրական բարեփոխումներ չեն: Հանձնաժողովը նաեւ ասում է, եթե Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը ցանկանում են համաձայնության գալ սահմանադրական փոփոխությունենրի շուրջ եւ դրանք ընդունվեն, ապա որպես հիմք պետք է ընդունեն 2001թ նախագիծը՝ արված առաջարկություններով: Հետեւաբար ինչքան էլ մենք ցանկանանք սա դրական ներկայացնել, չենք կարող: Վենետիկի հանձնաժողովը մի բան էլ շատ հստակ է ասում՝ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմները պետք է հստակ լինեն, որպեսզի Հայաստանը համապատասխանի եվրոպական չափանիշներին:

- Ներկայացված երեք նախագծերում էլ չե՞ն պահպանվում իշխանությունների բաժանման սկզբունքը:

- Կոալիցիայի նախագծում ասվում էր, որ կառավարության ձեւավորման գործում ԱԺ-ը որեւէ դերակատարում չունի: Այդ Վենետիկի հանձնաժողովը ցավով է արձանագրել: Արշակ Սադոյանի կողմից ներկայացրած նախագծում հանձնաժողովը ողջունում էր , որ նման գործառույթներ ԱԺ-ն ունի: Գուրգեն Արսենյանի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ այն շատ է նման 2001թ-ի նախագծին, պարզապես ընթացակարգերը, մեխանիզմները տարբերվում են: Բայց նույն 2001թ նախագծի համեմատ՝ Արսենյանի նախագիծը նախատեսում է, որ այնուամենայնիվ Հանրապետության Նախագահը կարող է ազատել վարչապետին: Իսկ այդ խնդիրը առանցքային հարցն է կիսանախագահական համակարգում: Եթե նախագահն էլ կարող է ազատել վարչապետին, ապա այդ դասական կիսանախագահական համակարգ չէ, այլ այսպես կոչված՝ նախագահական-խորհրդարանական,ո րը մնացել է միայն Հայաստանում, Ռուսաստանում եւ մինչեւ վերջերս կար Ուկրաինայում: Արսենյանի նախագծում հանձնաժողովը բացասական է գնահատում այն հանգամանքը, որ Հանրապետության Նախագահը կարող է լուծարել ԱԺ-ը, եթե վերջինս համաձայն չէ վարչապետի պաշտոնանկությանը, որն արել է Նախագահը: Այսպիսով Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ եւ կառավարության ձեւավորման, եւ կառավարության լիազորությունների դադարեցման ամբողջ գործընթացում ԱԺ-ը պետք է ունենա առաջնային դեր, եւ այդ չպետք է կախված լինի միայն Հանրապետության Նախագահից:

- Ըստ Ձեզ, երեք նախագծերից ո՞րը կբավարարի Վենետիկի հանձնաժողովի պահանջները:

- Վենետիկի հանձնաժողովը չի առանձնացնում այս կամ այն նախագիծը: Պարզապես պնդում է, որ ամենահավասարակշռվածը 2001թ ներկայացված նախագիծն էր, որի վերաբերյալ 2001թ հուլիսին հանձաժողովը տվել էր իր վերջին եզրակացությունը: Բայց այդ նախագծում կային այնպիսի դրույթներ, որոնք տարակարծիք մեկնաբանությունների տեղիք կարող էին տալ, թեկուզ նույն վարչապետի ազատման հարցը, քանզի այն նախագծում հստակ կարգավորված չէր: Հետեւաբար, 2001թ նախագծում էլ բազմաթիվ փոփոխությունների անհրաժեշտություն կա, պարզապես դրա հիմնական գաղափարը ՝ իշխանությունների հավասարակշռման առումով բավականին հետեւողական է եւ գերազանցում է դրանից հետո ներկայացված բոլոր սահմանադրական նախագծերը: