Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հասարակություն

-Վերջերս մի շարք քաղաքացիներ դիմել են մարդու իրավունքների պաշտպանին բողոքելով այն բանից, որ իրենց պարտադրում են սոցիալական քարտեր ստանալ: Ըստ ձեզ, մարդն իր իրավունքների շրջանակներում կարո՞ղ է հրաժարվել սոցիալական քարտից:

-Ի՞նչ է նշանակում պաշտպանվել սոցիալական քարտից: Մենք քաղաքացուն սոցիական քարտ պարտադրելը չենք համարում իրավունքի ոտնահարում, որովհետեւ գոյություն ունի օրենք, որը պարտադիր է բոլորի համար: Օրենքը սահմանել է, որ սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը պետք է պայմանավորվի սոցիական քարտերի համակարգի ներդրմամբ, հետեւաբար նշանակում է, որ դա օրենքով սահմանված դրույթ է, որը պարտադիր է կատարման բոլորի համար: Մարդիկ ասում են, որ ոտնահարվում են իրենց իրավունքները կրոնական համոզմունքների տեսանկյունից: Խնդիրն ըստ էության քննարկվել եւ իր լուծումներն ստացել է նոր ընդունված օրենքում: Այն, ինչը որ բերվում էր ժամանակին, ըստ որի քաղաքացուն թվային նիշեր հատկացնելը կրոնական իրավունքների ոտնահարում է եւ որի հանդեպ վերապահում ունեցավ հայ առաքելական եկեղեցին, քննարկվեց եւ իր լուծումն ստացավ նոր օրենքով: Օրենքում նախատեսված է, որ քաղաքացիներին հատկացվում է սոցիալական քարտ, որը փաստաթուղթ է: Եվ այդ սոցապահովության քարտը կամ փաստաթուղթը ունի համար: Այսինքն նույն տրամաբանությամբ այսօր կարելի է ասել, որ չեմ ուզում ունենալ անձնագիր, քանի որ դա ոտնահարում է իմ իրավունքները: Իսկ մենք բոլորս գիտենք, որ անձնագիրը փաստաթուղթ է, որը հատկացվում է քաղաքացիներին եւ կիրառվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով քաղաքացիների իրավունքների իրականացման համար:

-Իսկ ինչով եք բացատրում այն, որ քաղաքացին սոցիալական քարտը չի կարողանում տարանջատել կրոնական ենթատեքստից:

-Դա պայմանավորում եմ նրանով, որ ժամանակին բարձրացվեց աղմուկ եւ դրան տրվեց լուծումներ: Աղմուկին տեղյակ են բոլորը, իսկ տրված լուծումներին տեղյակ չեն կամ չեն ուզում ընդունել, որ լուծում է տրվել: Բայց քաղաքացին իբրեւ քրիստոնյա, իբրեւ հայ առաքելական եկեղեցու հավատացյալ, պիտի ընդունի ՀԱԵ այն հայտարարությունը, ըստ որի կրոնական խնդիրները վերացվել են սոցիալական քարտի մասին նոր օրենքում: Այսինքն, կրոնական խնդիր այլեւս չկա:

-Ինչքանո՞վ է, այնուամենայնիվ, մարդու իրավունքների շրջանակներում այն փաստը, որ սոցիալական քարտը պարտադրվում է քաղաքացիներին:

-Իրավունքը միակողմանի չի լինում: Երբ քաղաքացին ներկայացնում է իր իրավունքների ոտնահարման մասին փաստ կամ իրավունքների ոտնահարումը ներկայավնում է այդ (սոցքարտերի) ենթատեքստում, պետք է նաեւ հասկանա, որ եւ Սահմանադրությամբ, եւ օրենքներով սահմանելով պարտադիր նորմեր եւ դրույթներ, պաշտպանվում են նաեւ ուրիշների իրավունքները: Այսինքն, ներդրվում է համակարգ, որը պիտի լուծի խնդիրներ: Այդ խնդիրները, որոնք պիտի լուծվեն, հենց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտից են:

-Իսկ որո՞նք են այդ խնդիրները:

-Մենք ասում ենք` մի մարդը պիտի չորսը տեղից կենսաթոշակ չստանա: Մի ընտանիքը հինգը տեղից պիտի նպաստ չստանա: Սոցքարտերի ներդրումով մենք լուծում ենք ուրիշների նպաստ եւ կենսաթոշակ ստանալու իրավունքը: Եթե մարդը մի քանի տեղից կենսաթոշակ եւ նպաստ է ստանում, բնականաբար այլոց զրկում է նպաստ եւ կենսաթոշակ ստանալու հնարավորությունից: Այսինքն, եթե մենք որպես պետություն խնդիր ունենքն լուծելու, լուծում ենք այս համակարգի ներդրումով: Իսկ ոմանք ասում են` ես չեմ ուզում, որ դու ինձ զրկես մի քանի տեղից նպաստ ստանալու հնարավորությունից: Ոչ: Էն մյուսն էլ պիտի ստանա, որովհետեւ նա դրա կարիքն ունի: Երբ ասվում է` սա իմ իրավունքների ոտնահարում է, դարձրեք կամավոր, ես մի պարզ հարց եմ տալիս: Եթե մարդն այսօր խուսափում է հարկ վճարելուց, դու որպես պետություն ներդնում ես մեխանիզմ, որը ստիպելու է հարկեր վճարել: Եթե դարձնենք կամավոր, դա ինչ է նշանակում, նրան պիտի հարցնե՞նք` դու ցանկություն ունե՞ս հարկեր վճարելու եւ ակնկալես, որ պիտի պատասխանի` այո, ուզում ենք վճարել: Եթե վճարող է, թող էսօր վճարի: Մենք ասում ենք, հարգելի քաղաքացի, այ դու, որ չորս տեղից ես թոշակ ստանում, միգուցե այսուհետ մի տեղի՞ց ստանաս: Ինքն էլ ասի, հա, դե, լավ, որ ասում եք... Չի լինում էդպես: Մեխանիզմ է դրվում, որը այդ խնդիրները պիտի լուծի: