Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ԱՌԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ

Քաղաքականություն

«Հայաստանյան քաղաքական դաշտում նոր կոր է ուրվագծվում, որի սկիզբը ՏԻՄ ընտրություններն են»,- գտնում է ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Նրա կարծիքով քաղաքական իշխանության ձեւավորման գործընթացում ՏԻՄ ընտրությունները միջանկյալ գործընթաց է:

- ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը հնարավորություն ունեն իրենց ուժերը ենթարկել ստուգատեսի եւ պարզել, թե ինչ վիճակում են գտնվում իրենց կուսակցության հնարավորությունները, վճռականությունը:

- ՄԱԿ-ը ինչպե՞ս է պատրաստվում ստուգել իր ուժերը:

- ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՄԱԿ- ի ձեւակերպումը հետեւյալն է. ՏԻՄ ընտրությունները կարեւոր են, բայց ոչ վճռական: ՄԱԿ-ը ընտրական մի քանի նոր սցենարներ է մշակել: Մենք լուրջ փորձարկում ենք անցկացնում Արաբկիր համայնքում՝ ընտրական գործառույթ անցկացնում ենք միայն քարոզչական եւ կազմակերպչական բաղադրիչների կիրառմամբ: Այսինքն՝ բացառում ենք նյութական բաղադրիչի առկայությունը:

- Դուք ընտրություններում երբեւէ չե՞ք գործածել նյութական բաղադրիչը:

- Գործածել ենք: Նյութական բաղադրիչը Հայաստանում իրեն արդարացնում է, սակայն մենք ցանկանում ենք պարզել քարոչական բաղադրիչի չոր կշիռը:

- Դուք հաշվի չե՞ք առնում այն հանգամանքը, որ մյուս քաղաքական ուժերը այլ բաղադրիչներ կգերադասեն, եւ Ձեր կուսակցությունն, այսպես ասած, կհայտնվի անհավասար պայմաններում:

- Մենք նոր քաղաքական կառույց ենք եւ ցանկանում ենք պարզել մեր երկու տարվա գործունեության արդյունքների իրական պատկերը: ՏԻՄ ընտրությունների արդյուքնները մեզ համար վճռորոշ չեն, ՄԱԿ-ի համար վճռորոշ են 2007-ի ԱԺ ընտրությունները:

- Եթե քաղաքական ուժերի համար ՏԻՄ ընտրությունները ստուգատես են, ապա դրանք ի՞նչ նշանակություն ունեն շարքային քաղաքացիների համար:

- ՏԻՄ ընտրությունները կարեւորում են քաղաքական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիները: Մոտ օրերս ՄԱԿ-ը կտարածի իր քարոզչական պաստառները, որոնք ընտրություններում կարեւորում են քաղաքացու մասնակցությունը:

- Որո՞նք են ՄԱԿ-ի կարգախոսները:

- «Մասնակցությունն ամենակարեւորն է», «Միայն անհատի կամքով»,«Միասին կերտենք ապագան» եւ այլն:

ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ